Բաքուն դարձյալ տուն է թիրախավորել ու նախապայմանները վերահաստատել

Ադրբեջանական կրակոցից վնասված տան տանիք Սյունիքի Խնածախ գյուղում, 10-ը մայիսի, 2025

Հայաստանի արտգործնախարարի երեկվա հայտարարությունից հետո, թե «գուցե առաջիկայում խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում լավ նորություն լինի», Երևանն ու Բաքուն այսօր հրադադարը խախտելու մեղադրանքներ փոխանակեցին:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնեց, թե երեկ երեկոյան Ադրբեջանի զինուժը կրակել է Սյունիքի Խնածախի ուղղությամբ ու դարձյալ բնակելի տան տանիք վնասել: Սա երկու ամսվա ընթացքում արդեն վեցերորդ նման հաղորդագրությունն է: Արդեն երկու ամիս է Սյունիքի երկու գյուղերի՝ Խնածախի ու Խոզնավարի բնակիչները ադրբեջնական կրակոցների ձայնի տակ են գիշերներն անցկացնում: Խնածախում այս գիշերն էլ մյուսներից չէր տարբերվում:

«Նույն ժամերին են կրակում, ուղղակի հիմա արդեն տանիքիներ են խփում: 10:20-ին սկսում են ու 5 րոպե կրակում, հետո՝ 12:30, 2:30, 4:30, տանիքներին եմ խփում, տենց օր չկա, որ տանիք չվնասվի», - «Ազատությանը» պատմեց բնակիչներից մեկը:

Շաբաթներ առաջ ադրբեջանական կրակոցից իր տանը հրաշքով ողջ էր մնացել 73-ամյա Ռուբեն Խաչատրյանը՝ գնդակը տան լուսամուտն էր ջարդել, որտեղ պառկած էր թոշակառու տղամարդը: Այս անգամ, ըստ Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանի, ադբեջանական գնդակների թիրախ դարձած տունը դատարկ է եղել:

Ադրբեջանը կրակում է ու զուգահեռ հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման համար՝ պնդելով, թե իր ստորաբաժանումները միայն համարժեք պատասխան են տվել: Հայկական կողմն այս ընթացքում հաղորդագրություններ տարածել է միայն քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման դեպքում, Ադրբեջանի կողմից իր դիրքերի ուղղությամբ կրակոցներին չի անդրադարձել:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարը խախտելու Բաքվի պնդումները կտրականապես հերքում է, այսօր ևս հերքել է: Մինչ այդ Խնածախում կյանքը շարունակվում է. - «Հենա մեր երեխաները խաղում են դաշտում, հենց դիմացն է սահմանը, ինչքա՞ն արգելենք», - ասում է խնածախցի կինը:

Ադրբեջանական կրակոցները հետևեցին խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանը: Երեկ արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերահաստտեց՝ Երևանը պատրաստ է շուտափույթ ստորագրմանը:

«Մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան առաջ սկսել այդ ուղղությամբ խորհրդակցություններ, այնպես էլ այժմ պատրաստ ենք: Իհարկե, ցավոք սրտի, տարբեր հայտարարություններ ենք լսում ադրբեջանական կողմից: Առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա, և ինչպես ցանկացած բանակցության դեպքում, համբերությամբ զինվենք, և գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն», - ասել էր նախարարը:

Հայկական կողմի լավատեսությունը կարծես չկա Ադրբեջանում. Բաքուն սպասում է, որ Երևանը կատարի «ստանձնած պարտավորությունները», այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ընդգծել, որ տրանսպորտային ապաշրջափակման հարցում Ադրբեջանի դիրորոշումն հստակ է՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև տրանսպորտային կոմունիկացիաների պետք է բացվի: Անդրադառնալով հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրին՝ Բայրամովն ասել է, թե Ադրբեջանը «լեգիտիմ սպասումներ ունի Հայաստանից և կրկնել նախապայմանները. - «Այդ սպասումները կապված են Հայաստանի սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառելու, ինչպես նաև Մինսկի խմբի լուծարման հետ»:

Ճնշում ու թե՛ քաղաքական, թե՛ մարդկանց հոգեբանության վրա լարվածության մեծացում. ըստ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի, սա է ադրբեջանական կողմի նպատակը: Հայ-ադրբեջանական հարաբերություններում այս պահին 3 ուղղություն կա, նկատում է մեկնաբանը՝ խաղաղության պայմանագիր, սահմանազատում և ճանապարհների ապաշրջափակում: Կողմերի պաշտոնական հայտարարություններով դրանք առանձին գործընթացներ են, սակայն վերլուծաբանաը կարծում է, թե փոխկապակցված են, որքան՝ չի կարող ասել, քանի որ որևէ փաստաթուղթ հրապարակված չէ:

Իշխանության բացատրությունը, թե Հայաստանը չի գնում իրավիճակի սրաման ճանապարհով, Բադալյանը բավարար չի համարում: Ասում է՝ եթե հայկական կողմի լռությունը հիմնավոր է, ապա դա ապացույց է, որ հենց պաշտոնական Երևանն է թույլ տվել, որ իրավիճակը նման ծայրահեղ դրսևորում ունենա:

«Բայրամով ասել է՝ Ադրբեջանի դիրքորոշումները պարզ են ու հստակ, և իրենք սպասում եմ Հայաստանի պարտավորությունների կատարմանը, տպավարություն է, որ այս հարցում Ադրբեջանը որևէ բան քննարկելու պատրաստ չէ և հարցը դրվում հետևյալ կերպ՝ կամ կտրվի միջտանց, կամ իրենք որևէ այլ ռեժիմ չեն քննարկում», - ասաց Բադալյանը:

Չնայած խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում անորոշությանը, երեկ վարչապետ Փաշինյանը դարձյալ պնդել էր`«ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին սադրանքների, Հայաստանի և Ադրբեջանի միջեւ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»: