Հայ - ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ շփումներ կան երկու երկրների փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովների մակարդակում, այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ առանց այլ մանրամասների:
Կողմերը տարեսկզբին համաձայնեցին սահմանազատումը շարունակել Տավուշից, սակայն գործնական աշխատանքների մասին որևէ պաշտոնական տեղեկություն դեռ չկա:
Ջեյհուն Բայրամովը նաև նշել է, որ տրանսպորտային ապաշրջափակման հարցում Ադրբեջանի դիրորոշումն ակնհայտ է. «Եվս մեկ է ուղղություն է Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև տրանսպորտային կոմունիկացիաների բացումը: Եվ այստեղ Ադրբեջանի դիրքորոշումն ակնահայտ է: Մենք սպասում են, որ Հայաստանի կատարի այդ ուղղությամբ ստանձնած պարտավորությունները»:
Ադրբեջանը անխոչընդոտ, առանց ստուգումների ճանապարհ է պահանջում Սյունիքով դեպի իր էքսկլավ Նախիջևան, Երևանը պնդում է, որ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո:
Անդրադառնալով հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրին՝ Բայրամովը նշել է, թե Ադրբեջանը «լեգիտիմ սպասումներ ունի Հայաստանից»:
«Այդ սպասումները կապված են Հայաստանի սահմանադրությունից «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառելու, ինչպես նաև Մինսկի խմբի լուծարման հետ», - ասել է Բայրամովը:
Երեկ նաև Հայաստանի արտգործնախարարն էր ասել, որ ադրբեջանական կողմի հետ «խոսակցություն կա»: Ընդունելով, որ առաջընթաց չկա, Արարատ Միրզոյանը չէր բացառել նաև, որ առաջիկայում «հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով առաջիկայում գուցե լավ նորություններ լինեն»:
Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցրել են մոտ երկու ամիս առաջ: Չնայած այն ստորագրելու հայկական կողմի բազմաթիվ առաջարկներին՝ Ադրբեջանն առայժմ դրական չի արձագանքել՝ վերահաստատելով իր նախապայմանները՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի սահմանադրության փոփոխություն: