Մատչելիության հղումներ

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան


Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հաղթանակի զբոսայգում, Երևան, 9-ը մայիսի, 2025թ․
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հաղթանակի զբոսայգում, Երևան, 9-ը մայիսի, 2025թ․

Հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով առաջիկայում գուցե լավ նորություններ լինեն, այսօր «Հաղթանակ» զբոսայգում «Ազատությանը» հայտնեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ առանց լրացուցիչ մանրամասների:

«Ազատություն»-ը նախարարից հետաքրքրվել էր՝ այժմ Երևանի և Բաքվի միջև բանակցություններ կա՞ն, եթե՝ այո, ապա դրանք ստորագրմա՞ն, թե՞ Ադրբեջանի նախապայմանների շուրջ են:

«Ամեն ինչ ասված է, ըստ էության, ավելացնելու, կամ թարմացնելու տեղեկատվություն այս պահին ոչինչ չկա: Մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան առաջ սկսել այդ ուղղությամբ խորհրդակցություններ, այնպես էլ այժմ պատրաստ ենք: Իհարկե, ցավոք սրտի, տարբեր հայտարարություններ ենք լսում ադրբեջանական կողմից: Առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա, և ինչպես ցանկացած բանակցության դեպքում, համբերությամբ զինվենք, և գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն», - ասաց արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։


Խաղաղության պայմանագրի տեքստը մոտ երկու ամիս առաջ համաձայնեցվեց, ու չնայած այն շուտափույթ ստորագրելու Երևանի պատրաստակամությանը, Բաքուն միանգամից նախապայմանները պնդեց՝ պահանջելով փոխել Հայաստանի Սահմանադրությունն ու լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Արդյոք Երևանի ու Բաքվի խոսակցությունը հենց այս նախապայմանների շուրջ է. վերջին անգամ իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ մեկ ամիս առաջ բանակցած Արարատ Միրզոյանը այս հարցն անպատասխան թողեց. - «Մի հարց էինք պայմանավորվել»:

Որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցություններն ընդհատված չեն, օրերս նաև Ազգային ժողովի նախագահն էր հայտնել՝ կրկին առանց փակագծեր բացելու:

«Քննարկումներ կան, շարունակվում են, չեմ ուզում հիմա դրա մասին խոսել, որ չխանգարեմ էդ պրոցեսին: Բայց, այո, կա, ու շատ ակտիվ», - ասել էր Ալեն Սիմոնյանը:

Հայկական կողմը պատրաստ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ լուծարել նաև Մինսկի խումբը: Արդարադատության նախարարությունում նոր Սահմանադրության տեքստն են գրում, թեև պնդում են, թե դա անում են ոչ թե Բաքվի պահանջով, այլ ներքին որոշմամբ: Բայց վարչապետն արդեն հայտարարել է՝ իր կարծիքով, այդ նոր տարբերակում Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի: Բաքուն հենց Անկախության հռչակագրի հղումն է խնդրահարույց համարում:

«Ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին, բայց, էլի ուզում եմ ասել՝ որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է», - ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Խաղաղության պայմանագրի համաձայնեցումից հետո հայ - ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում արդեն երկու ամիս է չեն դադարում կրակոցները: Այս ընթացքում ադրբեջանական կողմը նաև քաղաքացիական շինություններ է թիրախավորել: Երևանը բոլոր այդ դեպքերով Բաքվին կոչ է արել հետաքննություն անցկացնել ու պարզաբանումներ ներկայացնել:

Վարչապետի աշխատակազմից Factor TV-ին երկու օր առաջ ասել էին, թե Երևանն ու Բաքուն հրադադարի ռեժիմի խախտումների մասին միմյանց տեղեկություններ են փոխանցել: Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքից պարզ դարձավ՝ Բաքուն իր իսկ խախտումները հետաքննելու հայկական կողմի կոչերն անտեսել է, փոխարենը քննարկվում են հայկական կողմից ենթադրյալ կրակոցները:

«Հայաստանը խնդրել է դիվանագիտական ճանապարհով՝ տվյալներ տրամադրել խախտումների վերաբերյալ, որոնց մասին Ադրբեջանը հայտարարում է, նրանց մասին հետաքննություն է կատարել Հայաստանը և փոխանցել է Ադրբեջանին: Իսկ Հայաստանի հայտարարած խախտումների վերաբերյալ, որը Ադրբեջանն է խախտումներ կատարել, դրանց վերաբերյալ Հայաստանը տվյալներ է փոխանցել Ադրբեջանին և ակնկալում է մանրամասն հետաքննություն դրանց վերաբերյալ», - ասաց Գրիգորյանը:

«Ազատության» հարցին՝ իսկ Ադրբեջա՞նը Հայաստանին ինչ տվյալներ է փոխանցել, Անվտանգության խորհրդի քարտուղարն արձագանքեց. - «Իրենց կողմից ըստ իրենց խախտումների վերաբերյալ, և մենք հետաքննություն ենք կատարել դրանց մասին, և պարզվել է, որ ընդհանուր առմամբ էդպիսի խախտումներ չեն եղել»:

Պաշտոնյաներն այսօր հանրապետության նախագահի և խորհրդարանի խոսնակի գլխավորությամբ «Հաղթանակ» զբոսայգում էին՝ հարգանքի տուրք մատուցելու Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին:

Օրվա առթիվ ուղերձ է հղել Մոսկվայում գտնվող վարչապետը: Նիկոլ Փաշինյանն այսօր էլ պնդել է՝ գնում են խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհով, ապա հավելել․ - «Ի հեճուկս բոլոր ներքին և արտաքին սադրանքների, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի՛ լինելու, լինելո՛ւ է խաղաղություն»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG