Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել Վաշինգտոնի կողմից սահմանված մաքսատուրքերի հարցում։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մեր երկարատև պատմության և փոխադարձ վստահության շնորհիվ մեզ հաջողվել է առաջին համաձայնությունը կնքել հենց Միացյալ Թագավորության հետ։ Դա ինձ համար մեծ պատիվ է», - գրել է Թրամփը՝ արձանագրելով, որ Լոնդոնը և Վաշինգտոնը «լիարժեք և համապարփակ համաձայնագիր են ստորագրելու»։
Reuters-ի տեղեկություններով` համաձայնագրի նախագծով Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան պարտավորվում են փոխադարձաբար նվազեցնել մաքսատուրքերը։ Ըստ նույն աղբյուրի՝ ամերիկյան կողմը համաձայնել է նվազեցնել բրիտանական արտադրության ավտոմեքենաների, պողպատի և ալյումինի վրա սահմանված 25 -տոկոսանոց մաքսատուրքը։ Դրա դիմաց Լոնդոնը կարող է նվազեցնել ամերիկյան մեքենաների ներկրման վրա սահմանված մաքսատուրքերը, ինչպես նաև առցանց առևտրի վրա սահմանված հավելյալ հարկերը, որոնք նվազեցնում են ամերիկյան բարձրտեխնոլոգիական ընկերությունների՝ բրիտանական շուկայից ստացվող եկամուտները։