Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից Հովիկ Աղազարյանը հայտարարում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մասին: Աղազարյանը, որ «Քաղաքացիական պայմանագրից» հեռացվելուց հետո հիմնել է սեփական կուսակցությունը, այսօր խոսեց հենց այդ կուսակցության անունից:
«Հազար մղոնանոց ճանապարհը սկսվում է առաջին քայլով, մինչև առաջին քայլը չանես, չես հաղթահարի էդ հազար մղոնանոց ճանապարհը: Հիմա մենք անում ենք առաջին քայլը, կհաղթահարե՞նք, թե՞ չենք հաղթահարի հազար մղոնանոց ճանապարհը՝ դա ցույց կտա ժամանակը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աղազարյանը:
Ինչո՞ւ է նախկին ՔՊ-ականը որոշել նման նախաձեռնությամբ հանդես գալ և ի՞նչ հաշվարկներ ունի, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցում իրեն խորհրդարանում աջակցողներ կլինեն: Աղազարյանն այս հարցերին անդրադառնալ այսօր չցանկացավ, ասաց՝ ավելի ուշ մանրամասն կխոսի, բայց տեղեկացրեց՝ պատգամավորներին այդ հարցով դեռ չեն դիմել. - «Ոչ մեկի հետ չենք խորհրդակցել»:
Վարչապետին անվստահություն հայտնելու Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը՝ միայն այն դեպքում, եթե միաժամանակ նոր վարչապետի թեկնածու են առաջադրում: Հովիկ Աղազարյանը խոստացավ թեկնածուի անունը հայտնել մայիսի 20-ին, այժմ տարբեր անձանց հետ են բանակցում, ընդ որում՝ պարտադիր չէ, որ լինի ՄԱՍԿ-ից:
«Մենք ունենք շրջանակներ՝ մի քանի մարդուց բաղկացած՝ հավանական թեկնածուներից, ում հետ վարում ենք բանակցություններ, վարելուենք բանակցություններ, ավելի ճիշտ, և իրենց հետ հիմա մենք քննարկումների մեջ ենք, և իրենցից յուրաքանչյուրն էլ գիտի, որ մենք մի քանի անձի ենք դիմել», - ասաց Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության հիմնադիրը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը վերջին շրջանում ակտիվ քննարկում են նաև խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցությունները: Նրանց այդպիսի նախաձեռնություն սկսելու առաջարկ էր արել «Արթուն ենք» քաղաքացիական շարժումը: «Մեկ պատգամավոր կարա սկսի», - վստահեցնում էր շարժման ներկայացուցիչ Էդգար Ղազարյանը:
«Պատիվ ունեմ»-ը արձագանքել էր, թե պատրաստ է վարչապետի միասնական թեկնածուի շուրջ քննարկումներ սկսել և նախաձեռնել իմփիչմենթի գործընթաց, ավելին՝ Հանրապետականը պատրաստակամություն էր հայտնել սատարել նաև Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը:
«Որպեսզի այս գործընթացը բարդույթներ, ամբիցիաներ, աղաքական նկրտումներով չբարդանա, մենք պատրաստ ենք թեկնածուի շուրջ քննարկումների զրո ամբիցիայով, ինչպես եղել է այս 7 տարիների ընթացքում, նստել և նախաձեռնել այդ գործընթացը», - հայտարարել էր «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Հայաստան» խմբակցությունից գործընթացն անլուրջ էին որակել և պնդել, թե դա ավելի շատ ընդդիմադիր դաշտում տեղավորվելու, քան իշխանության դեմ պայքարելու նպատակով է արվում:
«Ավանտյուրա է կամ սադրանք կամ այլ նպատակ է հետապնդում», - հայտարարել էր դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Վարչապետին անվստահություն հայտնելու Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու համար անհրաժեշտ է 36 ձայն: Այսինքն՝ եթե խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները և ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը միավորվեն, նախագիծը կներկայացնեն, բայց դրա ընդունման համար արդեն անհրաժեշտ է, որ 54 պատգամավոր կողմ քվեարկի, այսինքն՝ առնվազն 18 իշխանական պատգամավոր պետք է միանա նախաձեռնությանը: Վարչապետին անվստահություն հայտնելու շուրջ համաձայնության չհասած երկու ընդդիմադիր խմբակցությունները կաջակցե՞ն արդյոք նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին, դեռ պարզ չէ: