Մատչելիության հղումներ

Ո՞վ կնախաձեռնի Նիկոլ Փաշինյանի անվստահության գործընթացը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, արխիվ

«Վստահ եմ, որ եթե ընտրությունները նույնիսկ էս ուրբաթ լինեն, էլի «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթելու է այդ ընտրությունները», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահը:

Մինչ ընդդիմադիր ուժերը վերջին օրերին ակտիվ բանավիճում են, թե ինչպե՞ս է հնարավոր հեռացնել իշխանությունից Նիկոլ Փաշինյանին՝ հերթական ընտրություններո՞վ, ժողովրդի ընդվզմա՞մբ , թե՞ խորհրդարանում անվստահություն հայտնելով, Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում պնդեց՝ իշխանությունը՝ ի դեմս ՆԻկոլ Փաշինյանի, մեծ աջակցություն ունի ժողովրդի շրջանում, և ընտրությունների դեպքում իշխող ուժը կրկին մեծամասնություն կկազմի:

«Ես վստահ եմ, որ այո, 50+1 տոկոսով, իսկ 2026 թվականին մոտ կարող է նույնիսկ ավելի շատ տոկոսով», - ասաց ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանը բերում է Գյումրիի ընտրությունների օրինակը, որտեղ իշխող ՔՊ-ն գրեթե կրկնակի ավելի շատ ձայն է հավաքել, քան չորս տարի առաջ անցկացված ավագանու ընտրություններում:

«Գալու ա չէ՞ 2026 թվականը, դուք էլ բարով-խերով կգնաք ամեն մեկդ ձեր նախընտրած թեկնածուին ձայն կտաք, և կտեսնենք: Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը մեծ աջակցություն ունի», - վստահեցրեց խորհրդարանի խոսնակը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Արթուն ենք» քաղաքացիական նախաձեռնությանն ու այդ նպատակով խորհրդարանի 107 պատգամավորներին, այդ թվում՝ ՔՊ-ականներին ուղարկված նամակներին, Սիմոնյանը հեգնեց, թե տարիներ շարունակ ՔՊ-ից պատգամավոր են փնտրում, բայց՝ անօգուտ. - «Երևի 7 տարի ա մարդ են ման գալիս՝ մեկ մի քիչ ակտիվ, մեկ մի քիչ պասիվ»:

Խորհրդարանում Փաշինյանին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը քննարկման դնելու համար անհրաժեշտ է առնվազն 36 պատգամավորի ստորագրություն: Ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Հայաստան»-ն ու «Պատիվ ունեմ»-ը, միասին ունեն 34 պատգամավոր: Ավելին, Փաշինյանին անվստահություն հայտնելու խորհրդարանի որոշման նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ է առնվազն 54 պատգամավորի կողմ քվեարկությունը: Այսինքն առանց ՔՊ-ականների աջակցության «Արթուն ենք» քաղաքացիական նախաձեռնությունը հաջողության հասնել չի կարող: Ազգային ժողովի նախագահը, ում քաղաքացիական նախաձեռնությունը նույնպես դիմել է, վստահ է՝ ՔՊ-ականները Փաշինյանի իմփիչմենթին չեն միանան:

«Մարդ են ման գալիս ու տենց կշարունակեն ման գալ, ինձ թվում ա, ու տենց էլ չեն գտնի», - նշեց Սիմոնյանը:

Այս պահին Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը անիրատեսական են համարում նաև ընդդիմադիր ամենամեծ «Հայաստան» խմբակցությունում: Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած քաղաքական ուժը անցած շաբաթ քաղաքացիական նախաձեռնության՝ իրենց ուղղված նամակներին պատասխանել էր, թե պատրաստ են իրենց խմբակցության 28 պատգամավորների ստորագրությունները տալ Փաշինյանի անվստահության գործընթացը սկսկելու համար, բայց նախապայմանով՝ եթե «Արթուն ենք» նախաձեռնությունն անհրաժեշտ թվով այլ պատգամավորների ստորագրություններ ապահովի, նաև փողոցում ժողովրդական զանգված ապահովելու կարողություն ունենա:

«Էս նախաձեռնությունը ձեզ խայտառակվելուց փրկելու նպատակ ունի». - ընդդիմադիր «Հայաստան»-ի պատասխանն ու այս առնչությամբ խմբակցության պատգամավորների՝ վերջին օրերի տարբեր մեկնաբանություններ վրդովեցրել են նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանին, ով պնդում է, որ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ամենաիրատեսական եղանակը հենց խորհրդարանում վարչապետին անվստահություն հայտնել է: Ղազարյանը բերում է «Հայաստան» խմբակցության ընդդմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի օրինակը, ով 2018-ին պատգամավոր դարձավ ՔՊ ցուցակով, բայց հետագայում դուրս եկավ իշխանական խմբակցությունից և դարձավ ընդդիմադիր պատգամավոր: Նույնը, ըստ Էդգար Ղազարյանի, կարող է տեղի ունենալ այլ ՔՊ-ականների հետ:

«Այսինքն, փոխարենը Աննա Գրիգորյանը իր հրաշալի օրինակը ցույց տալով ասի, որ դա հնարավոր ա, որ հնարավոր ա նաև ՔՊ-ից հիմիկվա կազմից մարդիկ հրաժարվեն էդ դավաճանական, կեղտոտ միջավայրից և գան ներման խնդրման մեր հասարակությունից և միանան էս գործընթացին, ինքը ստից նստած ասում ա դրանք ընդից չեն գա», - հայտարարեց Ղազարյանը:

Քաղաքացիական նախաձեռնության անդամը քննադատության սլաքներն ուղղում է նաև «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավորներին, ովքեր պնդում են, թե ՔՊ-ականները դեմ չեն գնա Փաշինյանին: Էդգար Ղազարյանը հարցնում է, թե ինչպե՞ս Դաշնակցությունը 2018-ի գարնանը նախ վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին, ապա մոտ երեք շաբաթ անց՝ Նիկոլ Փաշինյանին. - «Դրանք ասում են՝ ՔՊ-ականները չեն փոխի իրանց [դիրքորոշումը], բա դուք ո՞նց փոխիք ձեր դիրքորոշումը: Այսինքն՝ ստացվում ա, որ ՔՊ-ականները սկզբունքային, վճռական, ուժեղ մարդիկ են, ըստ ձեզ, իսկ դուք՝ հեղհեղուկ, անողնաշար, հա՞, կարաք ցանկացած պահի, 10 օր առաջ Սերժ Սարգսյան ընտրեք, 10 օր հետո՝ Նիկոլ Փաշինյան: Հա՞, տենց ա՞ ստացվում: Ոչ: Որովհետև տեսել եք հանրային կարծիք կա»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ղեկավարած «Պատիվ ունեմ»-ին, ապա քաղաքացիական նախաձեռնության անդամն ասում է, թե այնտեղից Փաշինյանին անվստահություն հայտնելու իրենց առաջարկին ավելի լոյալ են վերաբերվում, բայց որևէ գործողություն էլ չեն անում. - «Այսինքն, իրանք չեն նախաձեռնի էդ գործընթացը»:

«Երկրորդ նախագահին առաջադրել չեք կարող, ուրիշին էլ չեք ուզում». Աշոտյանի պատասխանը քոչարյանականներին

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև դարձել է միմյանց քննադատելու ևս մեկ պատճառ: Հանրապետականին ուղղված կշտամբանքներին ի պատասխան՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեսյբուքյան իր էջում գրել է. - «Իմպիչմենտի հարցով հասկանում եմ ձեր դիլեման. երկրորդ նախագահին առաջադրել չեք կարող, ուրիշին էլ չեք ուզում։ Սակայն այս դիլեման հնարավոր չէ լուծել՝ Նիկոլին զիջելով ու այդ անհաջողությունը սքողելու համար մեր դեմ համառորեն կռվելով»:

Հովիկ Աղազարյանը չի բացառում, որ հենց իրենք կնախաձեռնեն Փաշինյանի անվստահության գործընթացը

Եթե ի վերջո Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած դաշինքներին հաջողվի մի կողմ դնել տարաձայնությունները և համաձայնության գալ Փաշինյանին անվստահություն հայտնելու և վարչապետի թեկնածու առաջադրելու հարցի շուրջ, միևնույն է, պարզ չէ՝ արդյոք ընդդիմադիրներին կհաջողվի իրենց ունեցած 34 ստորագրությունից բացի ևս երկու պատգամավորի համոզել միանալ իրենց նախաձեռնությանը և սկսել անվստահության գործընթացը:

ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր «Ազատության» հետ զրույցում բացառեց, որ ինքն ու ՔՊ-ից հեռացված մյուս պատգամավորը՝ Հակոբ Ասլանյանը կմիանան «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությանը: Փոխարենը, չբացառեց, որ հենց իր ղեկավարած նորաստեղծ Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցությունը՝ ՄԱՍԿ-ը կնախաձեռնի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը: Այդ կուսակցությանն է անդամակցում նաև նախկին ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը:

«Ազատության» հետ զրույցում Աղազարյանը նշեց, որ ուրբաթ օրը հենց այդ հարցով կուսակցության վարչությունը նիստ է գումարելու, որտեղ էլ կհայտնեն իրենց հստակ դիրքորոշումը. - «Չեմ բացառում, բայց պետք է քննարկենք վարչությունով»:

Թե ով կլինի վարչապետի իրենց թեկնածուն, Հովիկ Աղազարյանը չցանկացավ նշել. - «Դե չեմ կարող ասել, էլի, հիմա էս պահին: Ունենք, ունենք, ամեն ինչ էլ ունենք, բայց նպատակահարմար չեմ գտնում ասել»:

Աղազարյանը, սակայն, բացառում է, որ այդ թեկնածուն կարող է իշխող ՔՊ-ից լինել: Փոխարենը, չի բացառում հենց իր կամ Հակոբ Ասլանյանի կամ մեկ ուրիշի թեկնածության առաջադրումը վարչապետի պաշտոնում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG