Մատչելիության հղումներ

«Վստահ եմ՝ եթե նույնիսկ ընտրությունները այս ուրբաթ լինեն, ՔՊ -ն հաղթելու է 50+1 տոկոսով». Ալեն Սիմոնյան


«Վստահ եմ, որ եթե նույնիսկ ընտրությունները այս ուրբաթ լինեն, ՔՊ -ն հաղթելու է այդ ընտրություններում, վստահ եմ 50+1 տոկոսով, իսկ 2026 թվականին մոտ կարող է նունիսկ ավելի շատ տոկոսով», - խորհրդարանական ճեպազրույցներին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք մարդկանց հետ շփվում ենք, Հայաստանի վարչապետը մեծ աջակցություն ունի», - նշեց նա:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու «Արթուն ենք» քաղաքացիական նախաձեռնությանը և այդ նպատակով իշխող ՔՊ պատգամավորներից ստորագրություններ ստանալու հնարավորությանը, Ալեն Սիմոնյանը նշեց, թե արդեն 7 տարի է՝ ՔՊ -ից մարդ են ման գաlիս, հիմա էլ շարունակում են, բայց այդպես էլ չեն գտնի:

Վարչապետին անվստահություն հայտնելու հարցով օրեր առաջ պատգամավորներին նամակներ են փոխանցել «Արթուն ենք» շարժման անդամներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը: Ընդդիմադիրներին առաջարկում են Փաշինյանին հեռացնելու համար կոնկրետ գործողությունների դիմել:

«Խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ ակտիվ քննարկումներ կան»

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այս պահին քննարկումներ կա՞ն խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ, Ալեն Սիմոնյանն ասաց, որ քննարկումներ կան, շարունակվում են:

«Չեմ ուզում հիմա դրա մասին խոսել, որ չխագանգարեմ էդ պրոցեսին, բայց՝ այո, կա ու շատ ակտիվ կա»:

Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ պատրաստ է Մինսկի խմբի լուծարման գործընթաց սկսել: Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է ԼՂ հակամարտության կարգավորման կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն ու Խաղաղության համաձայնագիրը ստորագրել միաժամանակ:

«Վարչապետը կարող է որոշի չգնալ վերջին րոպեին»

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ մայիսի 9-ի Հաղթանակի տոնակատարություններին Մոսկվա գնալ-չգնալու հարցը քաղաքական հարց է, բայց դրան պետք է մասնակցել: Սիմոնյանը նշեց՝ «ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի տոնակատարությանը»:

Հարցին՝ թե արդյոք վերջնական որոշում չկա՞, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ թե ճիշտ չէ, որ ինքն ասի, քանի որ վարչապետը կարող է որոշի չգնալ վերջին րոպեին կամ գնալ:

«Հնարավոր է քովիդով հիվանդանա... շատ երկրի ղեկավարներ հիվանդացան, օրինակ, Հնդկաստանի ղեկավարը», - նշեց ԱԺ նախագահը:

Ի վերջո, Փաշինյանը մեկնելո՞ւ է Մոսկվա, թե՞ ոչ, «Ազատության» հարցին ի պատասխան՝ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը փոխանցեց, որ Փաշինյանի այցերի մասին «ժամանակին տեղեկացնում են»:

Նիկոլ Փաշինյանի մարտի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել էր, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։ Ապրիլի կեսերին էլ Եվրամության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասն ասել էր՝ Եվրամիությունը շատ հստակ է արտահայտվել, չեն ցանկանում, որ անդամությանը հավակնող երկրները մասնակցեն Մայիսի 9-ի շքերթին:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG