Ուկրաինայի քաղաքներում հիմնականում լռություն է Կրեմլի հայտարարած հրադադարի առաջին ժամերին

Կիև, Ուկրաինա

Ուկրաինայի քաղաքներում մայիսի 8-ի վաղ առավոտյան հարաբերական լռություն է տիրել այն բանից հետո, երբ ուժի մեջ մտավ Ռուսաստանի կողմից հայտարարված եռօրյա հրադադարը:

Ըստ հաղորդումների՝ նախորդ գիշերների ինտենսիվ հարվածներից հետո այսօր լսելի չեն հրթիռների ձայներ:

Սակայն Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ մայիսի 8-ի վաղ ժամերին Ռուսաստանի ռազմաօդային ուժերը երկու անգամ կառավարվող ռումբեր են նետել Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Սումիի շրջանի վրա։

Ըստ ռազմաօդային ուժերի՝ առաջին ռումբերը նետվել են հրադադարի ուժի մեջ մտնելուց գրեթե երեք ժամ անց, իսկ երկրորդ ալիքը՝ դրանից երկու ժամ անց։ Վնասի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։

Մայիսի 8-ի վաղ առավոտյան Կիևում նույնպես խաղաղ է եղել։ Պարզ չէ, սակայն, թե արդյոք առաջնագծում ևս մարտական գործողությունների դադար է։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 72-ժամյա հրադադար է հայտարարել՝ զուգահեռելով այն Ռուսաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումների հետ։

Պուտինը մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարությունների շրջանակում հյուրընկալում է Չինաստանի և մի շարք այլ առաջնորդների:

Ուկրաինան չի ընդունել հրադադարի առաջարկը՝ պնդելով, որ Պուտինը այն հայտարարել է միայն պատերազմը ավարտելու պատրաստակամության իմիտացիա ստեղծելու նպատակով։

Զելենսկին ավելի վաղ վերահաստատել էր Ուկրաինայի պատրաստակամությունը՝ անցնելու 30-օրյա հրադադարի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների