Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են ինտենսիվ օդային հարվածներ հասցնել միմյանց


Ուկրաինա - Խարկովի շուկան ռուսների օդային հարվածներից հետո, 6-ը մայիսի, 2025թ.
Ուկրաինա - Խարկովի շուկան ռուսների օդային հարվածներից հետո, 6-ը մայիսի, 2025թ.

Ռուսաստանն ու Ուկրաինան մայիսի 9-ին առաջարկված հրադադարից երկու օր առաջ շարունակել են օդային ինտենսիվ հարվածներ հասցնել միմյանց: Ուկրաինան երկրորդ օրն անընդմեջ անօդաչուներով հարվածում է Մոսկվային և ռուսական այլ քաղաքների: Հարձակումների հետևանքով մի քանի ժամով փակվել են Ռուսաստանի մայրաքաղաքի և առնվազն հինգ այլ քաղաքների օդանավակայաններ:

Ի պատասխան՝ ռուսական կողմն այսօր անօդաչուներով հարվածել է ուկրաինական մի շարք բնակավայրերի, այդ թվում՝ Խարկովին, որտեղ վնասվել կամ այրվել է շուկայի մեծ մասը, կա մեկ զոհ, մի քանի վիրավոր:

Խարկովի բնակիչ Դենիս Զալինսկին ասում է, որ Ռուսաստանն այս հարվածներով փորձում է քաոս ստեղծել ու ահաբեկել մարդկանց. - «Սրանք քաոտիկ հարվածներ են՝ մարդկանց վախեցնելու և սպանելու համար։ Սա ուղղակի ահաբեկչություն է»։

Մեկ այլ բնակիչ՝ Դանիլո Տարանինը, որը հրդեհված շուկայում խանութ ունի, ասում է, որ այս անգամ իրենց բախտը մի փոքր բերել է՝ ապրանքները շատ չեն վնասվել հրդեհից. - «Մենք միշտ գալիս ենք մեր խանութը ստուգելու և փրկելու գոնե ամենաթանկարժեք ապրանքները։ Բայց այս անգամ մեր բախտը բերել է»:

Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ ուկրաինական կողմից ռուսական դիրքերին կամ օբյեկտներին հարվածելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք պատասխանի։ Դմիտրի Պեսկովն ասել է, որ դեռ ուժի մեջ է Հաղթանակի օրվա առթիվ Ռուսաստանի նախագահի հայտարարած եռօրյա հրադադարի առաջարկը, որն Ուկրաինան մերժել էր՝ պահանջելով, որ հրադադարը լինի առնվազն 30 օր:

«Իհարկե, նախագահ Պուտինի նախաձեռնությունը տոների ընթացքում ժամանակավոր հրադադարի վերաբերյալ ակտուալ է, և գերագույն գլխավոր հրամանատարը համապատասխան հրահանգներ է տվել», - նշել է ՌԴ նախագահի խոսնակը:

Այս ֆոնին Ուկրաինան հայտարարել է, որ իր զինուժը դեռ գտնվում է Ռուսաստանի Կուրսկի մարզում և մարտեր է վարում, չնայած Մոսկվայի պնդումներին, որ նախորդ օրերին կանխել են ուկրաինական զորքի ներխուժման փորձը:

Ուկրաինական զինուժը հաղորդել է, որ Կուրսկում հաջողությամբ ոչնչացրել է անօդաչուների հրամանատարական կետ, նաև հարվածել էլեկտրակայանի: Ռուսական կողմի փոխանցմամբ՝ Կուրսկում ուկրաինական հարվածներից առնվազն երեք մարդ է սպանվել, ևս յոթը՝ վիրավորվել:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին սոցցանցում գրել է, որ իրենց հաջողվել է կայունացնել իրավիճակը լոգիստիկ կարևոր հանգույց համարվող Պոկրովսկ քաղաքի շրջակայքում գտնվող առաջնագծի հատվածում, որտեղ ռուսական զորքը հարձակվում էր ամիսներ շարունակ՝ փորձելով գրավել քաղաքը:

«Մենք կարողացել ենք կայունացնել իրավիճակը գործողությունների այս գոտում և որոշ տեղերում վերականգնել ենք մարտավարական նախաձեռնությունը», - վստահեցրել է Սիրսկին:

Մինչ Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են օդային հարվածներ հասցնել միմյանց, Politico-ն, հղում անելով Եվրամիության դիվանագիտական իր աղբյուրներին, գրում է, որ Եվրոպական հանձնաժողովը հնարավոր է՝ այսօր հրապարակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի առաջարկները, որոնց նպատակն է Մոսկվային ստիպել դադարեցնել պատերազմը:

Ակնկալվում է, որ պատժամիջոցներում կներառվեն անհատներ, ընկերություններ և տանկերներ։ ԵՄ մի շարք երկրների պահանջով չի ընդլայնվի պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների ցանկը։



XS
SM
MD
LG