Ջնջել լրագրողական նյութը. լրատվամիջոցները քննադատում են իշխանության այս մտադրությունը

Արդարադատության նախարարության նախագիծը, որով առաջարկվում է համացանցից ջնջել վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները, իշխանությունների հասցեին քննադատության ալիք է բարձրացրել: Նախագիծը շրջանառվում է իրավական ակտերի նախագծերի պաշտոնական կայքում: Լրագրողները սա որակում են խոսքի ազատության սահմանափակում ու ճնշում անկախ մեդիայի վրա:

«Նրանք պետք է պահեն մի ամբողջ հազար հոգանոց ինստիտուտ, էսպես ասած, չգիտեմ, ցենզորների, գրաքննիչների մի հատ ինստիտուտ, որը կհետևի ամբողջ համացանցին: Ես կարծում եմ՝ տեխնիկապես դա չափազանց ... գուցե արհեստական բանականությունը նրանց օգնի, չգիտեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:

«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյան

Եթե հիմա լրատվամիջոցները զրպարտության ու վիրավորանքի համար դատարանի վճռով տուգանվում են ու հերքում տպագրում, ապա նոր նախագծով առաջարկվում է համացանցից հեռացնել ընդհուպ ամբողջ լրագրողական աշխատանքը, նկատում է Արամ Աբրահամյանը: Ասում է՝ ինքն էլ կարող է հերքում տպագրել կամ հեռացնել սխալը, եթե իրեն համոզեն, որ դա իսկապես վիրավորանք է:

«Նրանց աշխատանքի բացասական գնահատականը նրանք համարում են վիրավորանք, դա է խնդիրը: Եթե ասում ես՝ այդ մարդը չի կարողանում իրեն տիրապետել խորհրդարանում, ենթադրենք, եթե այդպես է ձևակերպումը, դա կարող է դիտվել որպես վիրավորանք՝ «ուրեմն ես այդքան վատն եմ, որ չեմ կարողանում ինձ տիրապետե՞լ», - նշեց «Առավոտ»-ի խմբագիրը:

Արդարադատության նախարարությունը հիմնավորում է, թե այս կարգավորմամբ կպաշտպանեն անձնական, ընտանեկան կյանքը, մարդու պատիվն ու բարի համբավը: Համացանցն ընդլայնվում է, ատելության խոսքն էլ՝ հետը, գրել են նախագծի հեղինակները:

«Վիրավորանքի սահմանները շատ հեղհեղուկ են, շատ սուբյեկտիվ են, դրա համար կարելի է ցանկացած քննադատություն, ընդհանրապես ցանկացած հիշատակում համարել վիրավորանք և ասել՝ «անհապաղ վերացրեք ձեր կայքից», - ընդգծեց Արամ Աբրահամյանը:

Անկախ Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք աշխատած խմբագրի կարծիքով՝ այսօրվա իշխանություններն ու մեծահարուստներն ավելի նեղացկոտ են ու ուզում են, որ իրենց մասին բացասական տեղեկությունները պարզապես չհայտնվեն լրատվամիջոցներում. - «Հիմա նրանք ուզում են, որ գոյություն չունենա, այսինքն՝ ուզում են խորացնեն իրենց պաշտպանվածությունը: Բնականաբար, այդպես են պաշտպանվելու միայն իշխանավորները, այսինքն՝ դատարանները ընդունելու են այդպիսի որոշումներ, եթե ընդունեն, ի պաշտպանություն իշխանավորների և ի պաշտպանություն մեծահարուստների: Սովորական մարդկանց նման դիմումները չեն բավարարվելու»:

Ըստ Աբրահամյանի՝ նպատակը մեկն է. սահմանափակել խոսքի ազատությունը, վրեժ լուծել այն լրատվամիջոցից, որը համարձակվել է քննադատել իշխանությանը:

Հեռացնելով լրագրողի աշխատանքը՝ փորձում են փրկել պաշտոնյայի համբավը, կարծում է «Հետք»-ի լրագրող, փաստաբան Գրիշա Բալասանյանը. - «Ընդհանրապես որոնողական համակարգերում որպեսզի էդ հոդվածը չերևա, այսինքն՝ երբ որ նյութ չկա, հետևաբար՝ էդ ինֆորմացիայի վերաբերյալ հետագայում, ամիսներ հետո, շաբաթներ հետո, տարիներ հետո այլևս ինֆորմացիա չես կարող գտնել, որովհետև դա հեռացված է»:

«Հետք»-ի լրագրող, փաստաբան Գրիշա Բալասանյան

Լրագրողն ընդգծում է՝ համացանցից անհապաղ հեռացնելու պահանջը վերաբերում է ոչ միայն լրատվամիջոցներին, այլ՝ բոլոր քաղաքացիներին, որ կարող են մի քննադատական գրառում անել կամ մեկնաբանություն թողնել ու ընկնել քաշքշուկի մեջ, հայտնվել դատարանում:

«Մենք չունենք այնպիսի վստահություն ներշնչող դատարան, որ վստահ լինենք, թե դատարանները քաղաքական գործոնով պայմանավորված, կոնկրետ անձանց գործոնով պայմանավորված որոշումներ, վճիռներ չեն կայացնի», - նշեց Բալասանյանը:

Հետաքննող լրագրողը տարակուսած է՝ օրենքն այսպես թե այնպես հնարավորություն տալիս է լրատվամիջոցներից հերքում պահանջել, կամ էլ կալանքի տակ դնել նրանց գույքը, միլիոնավոր դրամներ պահանջել քաղաքացուն զրպարտելու կամ վիրավորելու համար, ի վերջո՝ լրատվամիջոցին կանգնեցնել փակման եզրին: Ի՞նչն է թերի այս պրակտիկայում, որ հիմա էլ իշխանություններն այս ճնշումն են փորձում բանեցնել, հարցնում է լրագրողն ու պնդում՝ առաջիկայում ընտրություններ են, իսկ այդ շրջանում սուր քննադատության պակաս չի լինի:

«Չի բացառվում, որ նյութը հեռացնելու պահանջներն էլ կբավարարվեն մեծամասամբ: Դա զուտ մտավախություն է, որովհետև էդ առումով չունենք պրակտիկա, բայց հաշվի առնելով գործող մեխանիզմները և կարգավորումները, ինչպես նաև էդ դառը փորձը՝ կարող ենք ասել, որ հենց կգնան էդ ճանապարհով, գոնե սկզբնական հատվածում», - ասաց Գրիշա Բալասանյանը :

Իշխանությունների այս նոր նախաձեռնությունը «Առավոտ» թերթի խմբագրին ռուսական մի օրինակ է հիշեցնում: Մոսկվայի դատարանը որոշել էր, որ ռուսաստանաբնակ հայազգի գործարարներից մեկի անունը չպետք է հիշատակվի մամուլում, ու մի ողջ պետական ապարատ լծվել է մամուլը փորփրելու գործին. - «Եվ ասում են՝ «այ էս մեկը հանեք, հիմա այ էն մեկը հանեք»:

Սա հայաստանյան իշխանությունների առաջին նախաձեռնությունը չէ, որ արժանանում է քննադատության: Օրերս էլ վարչապետի աշխատակազմի ղեկավարն էր հայտարարել, թե մեդիան պետք է ինքնակարգավորվի, հակառակ դեպքում դա կանեն իրենք:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Մամուլի ազատության դեմ է». «Առավոտ» թերթի խմբագիրը՝ Արայիկ Հարությունյանի գրառման մասին