Մատչելիության հղումներ

«Մամուլի ազատության դեմ է». «Առավոտ» թերթի խմբագիրը՝ Արայիկ Հարությունյանի գրառման մասին


Վարչապետի աշխատակազմից լրատվամիջոցներին զգուշացնում են ինքնակարգավորվեք, հակառակ դեպքում հանրության պահանջով ձեզնով իշխանությունը կզբաղվի: Վարչապետ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է ֆեյսբուքով դիմել լրատվամիջոցներին:

«Եթե իշխանությունը ձեռնարկի այդպիսի քայլեր, դա կլինի սահմանփակում հենց այն լրատվամիջոցների, որ իրենց դուր չեն գալիս», - ասաց «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:

Արայիկ Հարությունյանը մայիսի 2-ին մի գրառում է արել Մամուլի ազատության ինդեքսում Հայաստանի արձանագրած առաջընթացի մասին, թե մամուլի ազատության հարցում Հայաստանը առաջ է Վրաստանից, Իրանից, Ադրբեջանից ու Թուրքիայից:

Ժամեր անց Հարությունյանը երկրորդ ստատուսն է գրել, թե հանրությունը արձանագրել է, որ պետությունը աննախադեպ ազատություն է ապահովում և այդ ազատությունը մեկնաբանվում է որպես սանձարձակության ու սադրանք:

«Եթե ասում են՝ բազմաթիվ աշխատավորների պահանջով մեզ կարգավորելու են, ապա դա նշանակում է խոսքի ազատության սահմանափակում, ուրիշ ձև չի կարելի», - ասաց Արամ Աբրահամյանը:

Ո՞վ է այդ հանրությունը, որի պահանջով էլ ուզում է գործի անցնել կառավարությունը: Ինչպե՞ս է այդ պահանջը ներկայացվել, սոցհարցումնե՞ր են արել, հարցնում է «Առավոտ» թերթի խմբագիրը: Վարչապետի կաբինետի պաշտոնյայի գրառումը, երկարամյա խմբագրի գնահատմամբ, մամուլի ազատության դեմ է:

«Ամենակարևոր հարցը՝ ինչպե՞ս են մեզ պատրաստվում կարգավորել, ցանկացած կարգավորում, իրենից ներկայացնում է սահմանփակում այն լրատվամիջոցների, որոնք անկախ են, որոնք իրենց տեսակետն են հայտնում ու այդ տեսակետը դուր չի գալիս իշխանություններին: Եվ չեն սահմանափակվում այն լրատվամիջոցները, որոնք սատարում են իշխանություններին կամ կատարում ենք նրանց քարոզչությունը», - ասաց Աբրահամյանը:

Արայիկ Հարությունյանը կոչ է արել միասին աշխատել իրավիճակը շտկելու համար: Վարչապետի աշխատակազմի նորաբաց Մասնակցային և բաց կառավարման վարչությունը պատրաստ է քննարկել այդ հարցերը: Լրատվամիջոցների թողարկումների բովանդակության հետ ին՞չ կապ ունի այս վարչությունը, ի՞նչ է անելու, «Ազատության» այս հարցերին կառավարությունից դեռ չեն արձագանքել:

«Հանրության անվան տակ թաքնվելն արդեն ուղղակի հոգնեցրել է մեզ. «մանդատ ենք ստացել կարող ենք երկիրը հանձնել, հանրությունը մեզ դրդում է, որպեսզի մենք խոսքի ազատությունը սահմանփակենք», ո՞վ, ո՞ր հանրությունն է, կոնկրետ ովքե՞ր են պահանջում լրագրողների նկատմամբ ինչ-որ գործընթացներ ձեռնարկել», - ասաց «Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը:

«Հրապարակ» թերթի խմբագիր. Արայիկ Հարությունյանն այս գրառմամբ փորձում է վախեցնել լրագրողներին ու լրատվամիջոցներին

«Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանի համոզմամբ՝ Արայիկ Հարությունյանն այս գրառմամբ փորձում է վախեցնել այն լրագրողներին ու լրատվամիջոցներին, որ իշխանության քիմքով չեն առաջնորդվում, քննադատում են կառավարությանն ու կոռուպցիան բացահայտում:

«Սահմանափակել, վախեցնել, հետո էդքան չեն կարող կարգավորել, կառավարել, որքան վախ ներշնչել լրագրողներին, խմբագիրների, որ այդ ինքնագրաքննիչը սկսի աշխատել: Մենք չենք պատրաստվում հանդուրժել, որ Արայիկ Հարությունյանները, այս երկրում մի քանի ձեռքբերում գոյություն ունի, խոսքի ազատությունը դրանցից մեկն է, գա ու տրորի այդ խոսքի ազատությունը», - ընդգծեց նա:

Մամուլի ազատությունն իշխանությունը, պետությունը չի շնորհում, լրագրողներն են տարիների աշխատանքով նվաճել, պայքարելով ու իշխանության ճնշումներին դիմադրելով: Մամուլի ազատության առաջընթացով հպարտացող Արայիկ Հարությունյանին հակադարձում են Արմինե Օհանյան ու Արամ Աբրահամյանը, որ լրագրող ու խմբագիր են եղել անկախ Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք:

«Մոռանում են, որ այդ խոսքի ազատությունն իրենցով չի պայմանավորված, դա մեր գործունեությամբ, մեր ջանքերով, մեր տառապանքների շնորհիվ է ձեռք բերվել Հայաստանում, մեր լրագրողների, որ 30 և ավելի տարի անցել ենք բազմաթիվ փորձությունների միջով և կարողացել ենք ամրապնդել մեր դիրքերը, մեր ազատ խոսելու, ազատ արտահայտվելու իրավունքը վաստակել ենք», - ընդգծեց Արմինե Օհանյանը:

Արամ Աբրահամյանն էլ նշեց. - «Որևէ իշխանություն, ոչ միայն այս իշխանությունը, այլև նախորդ իշխանությունները կամ որևէ այլ երկրի իշխանություն բարի կամքով ոչ մի ազատություն չի տալիս, դա լինում է օրենսդրական մեխանիզմներով, որոնց հասնում է հանրությունը, և դա լինում է լրագրողների աշխատանքով»:

Արայիկ Հարությունյանի դժգոհության հասցեատերերը բոլոր լրագրողներն են, նրա խոսքերից ստացվում է Հայաստանում բոլորն են սա դրանքով ու սանձարձակությամբ զբաղված, սա անբարեխիղճ մոտեցում է, ասում է Արամ Աբրահամյանը:

«Ինքնակարգավորում բառը, ինձ թվում է, պարոն Հարությունյանն ու ընդհանրապես մեր իշխանությունը լավ չեն հասկանում», - ասաց «Առավոտ» թերթի խմբագիրը:

Ինքնակարգավորումը կապ չունի իշխանության պատկերացրած գործիքների հետ, տասնյակ տարիների փորձով խմբագրի, Արամ Աբրահամյանի մեկնաբանմամբ, այդ ինքնակարգավորումը լրատվական դաշտի գործն է, պրոֆեսիոնալ էթիկայի կանոններին կամավոր հետևելը:





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG