Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Արևմուտքն իրենց դրդում էր միջուկային զենք օգտագործել Ուկրաինայում։
«Նրանք ուզում էին սադրել մեզ, ուզում էին, որ մենք սխալներ թույլ տայինք։ Ինչևէ, միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չկար, և ես հույս ունեմ՝ ապագայում նույնպես կարիքը չի լինի», - ասել է Կրեմլի ղեկավարը իր 25-ամյա իշխանության մասին պատմող վավերագրական ֆիլմում, որը նկարահանել է ռուսաստանյան պետական հեռուստաընկերությունը։ Պուտինը հավելել է, թե Ռուսաստանն ունի բավարար ուժեր և միջոցներ՝ 2022 թվականին սկսած պատերազմի նպատակներին հասնելու համար։
Ռուսաստանի նախագահը և նրա մի շարք ենթականեր Ուկրաինայում շարունակվող պատերազմին զուգահեռ բազմիցս են սպառնացել միջուկային զենք օգտագործել թե՛ Ուկրաինայի, թե՛ Կիևի դաշնակիցների դեմ։