Արդյոք Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը կբարձրացնի՞ հիբրիդային պատերազմի մասին հարցը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ուղիղ չպատասխանեց:
«Օրակարգային բոլոր հարցերը կքննարկեն, ինչ նպատակահարմար կգտնեն հրապարակային կներկայացնեն», - ասաց Գրիգորյանը:
Հայաստանի ղեկավարը երեկվանից Մոսկվայում էր, հաղորդվեցին երկկողմ ոչ ֆորմալ շփումների մասին, իսկ օրվա ավարտին պարզ դարձավ, որ Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում չկայացավ:
Բառացիորեն օրեր առաջ ԱԺ-ի նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին մեղադրեց Հայաստանի հանդեպ հիբրիդային պատերազմ վարելու մեջ, ընդ որում, Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումից անմիջապես հետո. - «Այո, Ռուսաստանից Հայաստանի հանդեպ տարվում է հիբրիդային պատերազմ, և դա 2026 թվականին էլ ավելի է ակտիվանալու: Նույնիսկ չեմ վախենում ասելուց՝ դա հակառակ ազդեցություն է ունենալու և ենթադրենք X քանակի վարկանիշը, որ ունի գործող իշխանությունը, կրկնապատկելու է»:
Անվտանգության խորհրդի քարտուղարի կարծիքով, անհանգստությունը նոր չէ, այլ՝ Փաշինյանի թիմի իշխանության գալուց ի վեր, հիմա թարմացվել է. - «Չեմ կարծում, որ հիբրիդային պատերազմի մասին խոսվում է միայն վերջին շրջանում, դրա մասին երևի խոսվում է 2018 թվականից»:
«Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես մեր դաշնակից, եղբայրական երկիր, որի հետ մենք սերտորեն համագործակցում ենք ու պատրաստ ենք հետագայում եւս կառուցել ու խորացնել մեր հարաբերությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում», - Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարություններից հետո, թե Ալեն Սիմոնյանի «հարձակումները չեն համապատասխանում խորհրդարանի խոսնակի կերպարին», Երևանից հնչած մեղադրանքներին այսօր անդրադարձել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Ռուս դիվանագետը նաև պատասխանել է հարցին՝ արդյոք վերջին տարիներին հայ-ռուսական հարաբերությունները չե՞ն վատթարացել. - «Պետք է իրատես լինել, նայել իրական աշխարհին։ Մեր հարաբերությունները պետք է ադապտացվեն նոր իրողություններին։ Կարևորը, որ երկու կողմերում էլ լինի քաղաքական կամք՝ պահպանելու եղած ամուր հիմքը և շարժվելու առաջ, իհարկե, հարգելով միմյանց ինքնիշխանությունը, հետաքրքրությունները։ Մեզ միավորող շատ բան կա, այդ թվում՝ ռազմավարական հետաքրքրությունները»:
Մոսկվայից Փաշինյանի իշխանությունը սկսեց դժգոհել Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժումներից հետո, երբ Երևանը օգնության համար դիմեց և՛ Կրեմլին, և՛ ՀԱՊԿ-ին, բայց չստացավ: Դժգոհությունը գագաթնակետին հասավ ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո:
Մոսկվայից հակադարձեցին, թե տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանի՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու որոշման հետևանք է:
Լարվածությունը պարբերաբար սրվում է, վերջերս առիթը Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունումն էր, որին Մոսկվան արձագանքեց սվիններով: Երևանին պարբերաբար լսեցնում են՝ ԵՄ-ն ու ԵՏՄ-ն անհամատեղելի են:
Չնայած Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մեղադրանքներին, Մոսկվա չմեկնելու Արևմուտքի կոչերին, վարչապետ Փաշինյանն ընդունեց Ռուսաստանի նախագահի հրավերն ու Մոսկվայի Կարմիր հրապարակում այսօր մասնակցեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի շքերթին՝ Բելառուսի նախագահի հետ կողք-կողքի:
Անցած տարի Փաշինյանը հայտարարել էր՝ չի այցելի Բելառուս, քանի դեռ այն գլխավորում է Ալեքսանդր Լուկաշենկոն: Դժգոհ էր Լուկաշենկոյի հայտարարությունից, երբ Բելառուսի նախագահը Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսինա որակել էր որպես «ազատագրական պատերազմ»:
Փաշինյանին ու Լուկաշենկոյին մի քանի անգամ մոսկովյան երկու օրերի միջոցառումների ժամանակ իրար կողքի տեսանք՝ երեկ նախագահ Պուտինի անունից մատուցված ճաշին, ապա՝ համերգին, այսօր արդեն՝ Կարմիր հրապարակում: Նրանց շփումները ֆիքսել են տեսախցիկները:
Ի տարբերություն Հաղթանակի 75-ամյակի հոբելյանական շքերթի՝ այս անգամ հայկական զորախումբը չանցավ Կարմիր հրապարակով: