Սա Ռուսաստանի օրացույցի ամենակարևոր տոն է՝ նացիստական Գերմանիայի դեմ հաղթանակում Խորհրդային Միության դերը փառաբանելու Կրեմլի ջանքերի առանցքային իրադարձություն:
Վերջին տարիներին Կարմիր հրապարակի Հաղթանակի օրվա զորահանդեսը նախագահ Վլադիմիր Պուտինի համար դարձել է նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի փառաբանման առիթ՝ մի պատերազմի, որի ընթացքում, ըստ արևմտյան գնահատականների, երեք տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 750 հազար ռուս զինվորական։
Կրեմլի քաղաքականությանը հետևող վերլուծաբանների համար մայիսի 9-ը հնարավորություն է՝ փորձելու հասկանալ հնարավոր փոփոխությունները ինչպես արդեն 26 տարի Ռուսաստանի ղեկին կանգնած Պուտինի մտածողության, այնպես էլ նրա ղեկավարած պետության քաղաքականության մեջ։
Սա առավել արդիական է դարձել այս տարի, երբ նշվում է նացիստական Գերմանիայի կապիտուլյացիայի 80-ամյակը, իսկ Ուկրաինայում պատերազմը մտել է շրջադարձային փուլ։
«Հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում Վլադիմիր Պուտինի քաղաքական դիցաբանության անկյունաքարն է, նրա՝ համաշխարհային պատմության սեփական տեսլականի հիմքը», - գրել է վտարանդի ռուս լրագրող և գրող Միխայիլ Զիգարը իր հոդվածում՝ հավելելով. - «Կրեմլը ամիսներ շարունակ պատրաստվել է այս պահին, որը ռեժիմի քարոզչական օրացույցում առանցքային տեղ է զբաղեցնում»։
Ահա թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել մայիսի 9-ին։
Ո՞ր պատերազմի մասին է խոսքը
Խորհրդային Միությունը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կորցրեց ավելի քան 27 միլիոն մարդ՝ զինվորականներ և քաղաքացիական անձինք։ Այդ պատերազմն աննախադեպ ավերածությունների հանգեցրեց, ուստի նացիստների պարտությունը վաղուց նշվում է որպես ռուսների, ուկրաինացիների, բելառուսցիների և կորուստներ կրած այլ ազգերի տոկունության վկայություն։
2000 թվականին՝ նախագահ դառնալուց հետո, Պուտինը հիշատակի միջոցառումները շարունակաբար օգտագործել է՝ ամրապնդելու իր հեղինակությունը վետերանների շրջանում և քննադատելու Արևմուտքին, հատկապես՝ Միացյալ Նահանգներին, միևնույն ժամանակ նսեմացնելով դաշնակիցների դերը նացիստական Գերմանիային պարտության մատնելու գործում։
2007 թվականի Հաղթանակի օրվա իր ելույթում Պուտինը կտրուկ քննադատեց Միացյալ Նահանգներին՝ անուղղակիորեն համեմատելով Վաշինգտոնի քաղաքականությունը նացիստական Երրորդ Ռայխի քաղաքականության հետ։
2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժումից ի վեր Պուտինն իր ելույթներում պարբերաբար հիշատակում է «նեոնացիստներին»՝ շարունակելով Կրեմլի անհիմն պնդումները, թե Ուկրաինան կառավարվում է «նացիստական խունտայի» կողմից։
Ո՞վքեր են ներկա
Մոսկվայում են նախկին խորհրդային մի քանի հանրապետությունների՝ Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի առաջնորդները, ինչպես նաև Չինաստանի, Բոլիվիայի, Կուբայի, Վենեսուելայի, Բրազիլիայի և այլ երկրների ղեկավարները։
Եվրամիությունից ոչ ոք ներկա չէ՝ բացառությամբ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի, ով նախկինում քննադատաբար է արտահայտվել Ուկրաինայի մասին։
Բոլորի հայացքներն ուղղված կլինեն Չինաստանի նախագահ Սի Ծինփինի վրա, ով դարձել է Մոսկվայի առանցքային դաշնակիցը Ուկրաինայի դեմ պատերազմում։
Չինաստանը շարունակում է գնել ռուսական նավթն ու գազը՝ այդպիսով աջակցելով Ռուսաստանի տնտեսությանը և ֆինանսավորելով նրա ռազմական ջանքերը։ Չնայած հայտնի վերապահումներին՝ Պեկինը հրապարակավ չի քննադատել Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։
«Սիի ներկայությունը Մոսկվայում ընդգծում է լարվածության աճը Չինաստանի արտաքին քաղաքականության մեջ», - գրել է Վաշինգտոնի Բրուքինգսի ինստիտուտի գիտաշխատող Պատրիսիա Կիմը իր վերլուծության մեջ։
«Չինաստանի ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ գնալով ավելի է հակասում նրա ավելի լայն հավակնություններին՝ համարվել պատասխանատու գլոբալ դերակատար և այլընտրանք, իր պատկերացմամբ, ԱՄՆ-ի անկայունությանը և Արևմուտքի անկմանը», - հավելել է նա։
Ռազմատեխնիկայի ցուցադրում
Սառը պատերազմի տարիներին Հաղթանակի օրվա զորահանդեսները հազվադեպ էին անցկացվում։ Փոխարենը տարվա ամենամեծ տոնակատարությունները կազմակերպվում էին նոյեմբերի 7-ին՝1917 թվականի բոլշևիկյան հեղափոխության տարեդարձին։ Հենց այդ օրն էին խորհրդային իշխանությունները ցուցադրում երկրի ռազմական հզորությունը։
Արևմտյան վերլուծաբանները մանրակրկիտ ուսումնասիրում էին հրթիռային կայանքների և բեռնատարների տեսակները՝ փորձելով հասկանալ, թե արդյոք Մոսկվան առավելություն ունի սպառազինությունների մրցավազքում։
Ռազմական տեխնիկայի տպավորիչ ցուցադրությունները կանոնավոր են դարձել վերջին տասնամյակում, հաշվի առնելով, որ Կրեմլը հսկայական գումարներ է ներդրել ռուսական բանակը վերազինելու և արդիականացնելու մեջ։
2015 թվականից ի վեր ռազմական շքերթում ցուցադրվել է նոր T-14 Armata տանկը։ Չնայած ցուցադրությանը, այդ տանկն այդպես էլ չի կիրառվել Ուկրաինայում։
2016 թվականին Կարմիր հրապարակով անցկացվեց նոր՝ RS-24 Yars միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։
2022 թվականին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո զորահանդեսներում նոր զենքերի ցուցադրությունը պակաս հաճախ է դարձել։ Վերլուծաբանները դա հիմնականում կապում են ռազմաճակատում տեխնիկայի մեծ կորուստների հետ։
Ուշադրություն դարձրեք Կարմիր հրապարակի քարե սալահատակով անցնող կամ հրապարակի վրայով թռչող ռազմատեխնիկային։ Հնարավոր է, որ Արևմուտքին նյարդայնացնելու նպատակով Մոսկվան ցուցադրի նաև Ուկրաինայում գրավված արևմտյան ռազմական տեխնիկա, օրինակ՝ Bradley զրահամեքենաներ։
Ո՞վ է վախենում ուկրաինական ԱԹՍ-ներից
Զելենսկին և այլ ուկրաինացի պաշտոնյաներ հայտարարել են, որ Կիևը պատասխանատու չէ Մոսկվայում օտարերկրյա հյուրերի անվտանգության համար: Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարը խորհուրդ է տվել ռազմական շքերթի հյուրերին իրենց հետ «ականջակալներ կրել»:
Մայիսի 3-ին Զելենսկին ասել է. - «Ինչ վերաբերում է բոլոր այն երկրների ղեկավարներին, ովքեր եկել են կամ պատրաստվում են գալ մայիսի 9-ին, մեր դիրքորոշումը շատ պարզ է. մենք չենք կարող պատասխանատու լինել Ռուսաստանի Դաշնության տարածքում տեղի ունեցողի համար: Նրանք են ապահովում ձեր անվտանգությունը, ուստի մենք որևէ երաշխիք չենք տալու»։
Ռուսաստանի իշխանությունները զգուշացրել են Մոսկվայի և հարակից շրջանների բնակիչներին այս շաբաթ հրավառություններ չանել: Իսկ հեռահաղորդակցությունների օպերատորները հայտարարել են, որ ինտերնետը դանդաղ է լինելու, ինչը հավանաբար կդժվարացնի անօդաչու թռչող սարքերի կառավարումը կամ սարքերի հեռակա պայթեցումը:
«Կարմիր հրապարակին հարվածելն իմաստ չունի», - Current Time-ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Իվան Պրեոբրաժենսկին:
Ըստ նրա՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կարող են հասնել Մոսկվա, «բայց այդ դեպքում ռուսական քարոզչությունը դա կներկայացնի որպես ռազմական շքերթին մասնակցող օտարերկրյա առաջնորդների դեմ մահափորձ, ինչը ներկայիս պայմաններում դժվար թե ձեռնտու լինի Ուկրաինային»: