Հինգշաբթի առավոտյան Պակիստանի արևելյան Լահոր քաղաքում պայթյուն է լսվել, հաղորդում է Reuters-ը: Հնդկաստանը նախօրեին մի քանի հարված էր հասցրել երկրի մի քանի օբյեկտների:
Պայթյունի պատճառների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում:
Հնդկաստանի կառավարությունն այսօր համակուսակցական նիստ կանցկացնի: Նյու Դելի է ժամանել նաև Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, և սպասվում է, որ նույն օրը՝ ավելի ուշ, կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հնդկա-պակիստանյան միջազգային սահմանի շրջակայքում դպրոցները փակվել են: Չեն գործում նաև Հնդկաստանի ավելի քան 20 օդանավակայաններ: Ավելի քան 400 չվերթ Է չեղարկվել:
Պակիստանը պնդում է, որ առնվազն 31 քաղաքացիական մարդ է սպանվել, մոտ 50-ը վիրավորվել են հարվածների և դրանց հաջորդած միջսահմանային գնդակոծությունների հետևանքով: Հնդկաստանն, իր հերթին, պնդում է, որ 13 քաղաքացիական անձ է զոհվել, 43-ը ՝ վիրավորվել:
Ըստ Հնդկաստանի պաշտոնյաների՝ գիշերվա ընթացքում սահմանին փոխհրաձգությունը մի փոքր հանդարտվել է։
Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունները լարված են եղել 1947 թվականին Բրիտանիայից անկախություն ձեռք բերելուց ի վեր, այդ երկրները երեք պատերազմ են մղել, որոնցից երկուսը՝ Քաշմիրի պատճառով:
Այս անգամ էլ լարվածությունն աճել է Քաշմիրում զբոսաշրջիկների վրա մահաբեր հարձակումից հետո: Հնդկաստանը հարձակման համար մեղադրել է Պակիստանում տեղակայված զինյալներին, Իսլամաբադը հերքել է իր մասնակցությունը։