Մատչելիության հղումներ

Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի մայիսի 12-ից


Ուկրաինան ու բոլոր դաշնակիցները պատրաստ են լիակատար և անվերապահ 30-օրյա հրադադարի՝ ցամաքում, օդում ու ծովում սկսած մայիսի 12-ից, հայտնել է արտգործնախարար Անդրեյ Սիբիգան:

Ուկրաինական դիվանագիտության ղեկավարը սոցցանցում նաև գրել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերն ու Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը «արդյունավետ հեռախոսազրույց» են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Եվրոպացի առաջնորդներն այսօր առավոտյան գնացքով ժամանել էին Կիև՝ «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը մասնակցելու համար: Սիբիգայի փոխանցմամբ՝ Թրամփի հետ զրույցը տեղի է ունեցել «կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո:

Ուկրաինայի արտգործնախարարը հավելել է՝ եթե Ռուսաստանը համաձայնի 30-օրյա հրադադարին ու արդյունավետ մոնիտորինգ ապահովվի, ապա դա կարող են ուղի հարթել խաղաղության բանակցությունների համար:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել Կիևին և Մոսկվային համաձայնել 30-օրյա անվերապահ հրադադարին՝ զգուշացնլով, թե հակառակ դեպքում պատրաստ է պատժամիջոցներ կիրառել։

30-օրյա հրադադարի առաջարկին պաշտոնական պատասխան Կրեմլը դեռ չի տվել, սակայն ավելի վաղ Պուտինի խոսնակը հայտարարել էր, թե համաձայնության դիմաց ԱՄՆ-ն և ԵՄ երկրները պետք է դադարեցնեն զենքի մատակարարումը Կիևին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եռօրյա հրադադար է հայտարարել Հաղթանակի օրվա առթիվ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG