ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Հնդկաստանն ու Պակիստանը Վաշինգտոնի միջնորդությամբ համաձայնել են հրադադարի գնալ:
«Գիշերը շարունակված երկար բանակցություններից հետո ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ։ Շնորհավորում եմ երկու երկրներին էլ առողջ բանականության և բարձր ինտելեկտի դրսևորման համար», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
BBC-ի հետ զրույցում Պակիստանի փոխվարչապետ Իսհակ Դարը հաստատել է այս տեղեկությունը։
Պակիսանի արտգործնախարարն էլ հայտարարել է, թե Միացյալ Նահանգների պետաքարտուղարից բացի հրադադար հաստատելու ուղությամբ աշխատել են նաև Թուրքիան և Սաուդիան Արաբիան։
Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են ապրիլի 22-ին Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում հնդիկ զբոսաշրջիկների վրա կատարված հրազենային հարձակումից հետո, որի հետևանքով 26 մարդ էր զոհվել, 25-ը՝ հնդիկ, մեկը՝ Նեպալի քաղաքացի։
Հնդկաստանի իշխանությունները հարձակումը որակել էին որպես ահաբեկչական գործողություն և այս շաբաթվա սկզբին ռազմական գործողություն սկսել Պակիստանի դեմ։
Այսօր վաղ առավոտյան Պակիստանը հայտարարել էր Հնդկաստանի դեմ պատասխան լայնածավալ ռազմական գործողության մասին՝ թիրախավորելով մի քանի ռազմական օբյեկտներ ու խաղաղ բնակավայրեր։