Մոսկվայի մերձակա բոլոր՝ չորս միջազգային օդանավակայանները այսօր ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով։
Ըստ Ռուսաստանի քաղավիացիայի գործակալության՝ Մոսկվայի շրջանը երկրորդ օրն է արդեն ուկրաինական ուժերի թիրախում։
Նախագահ Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, թե Կիևը պատասխանատվություն չի կրում մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթի հյուրերի համար։ Ուկրաինայի արտգործնախարարությունն էլ այսօր հորդորել է մյուս պետություններին չմասնակցել Կարմիր հրապարակում Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառմանը։
«Դա «անընդունելի» կլինի և կդիտարկվի որպես աջակցություն Մոսկվային»,- հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարությունը, հավելելով, - «Նրանց հետ կողք կողքի քայլելը նշանակում է կիսել պատասխանատվությունը սպանված ուկրաինացի երեխաների, քաղաքացիական անձանց և զինվորականների համար, ոչ թե հարգել նացիզմի դեմ հաղթանակը»։