«Օպերները հարվածել են անգամ 90-ամյա կնոջը». Հակակոռուպցիոնը հերքում է

ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը Գյումրիում, 30-ը մարտի, 2025թ.

Փաստաբաններն ահազանգում են, որ Գյումրիում ընտրությունների օրը Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալելիս հարվածներ են հասցրել տարեց կանանց, սպառնացել նրանց: Հակակոռուպցիոնը հերքում է ֆիզիկական ուժ գործադրելու մեղադրանքները:

«Օպերատիվ հետախուզական ծառայության աշխատակիցները շրջափակել են՝ շատ կոպիտ, հարվածելով, մինչև անգամ այդ 90-ն անց տատիկին հարվածելով, ձեռքի փայտը վերցնելով», - «Ազատությանն» ասաց փաստաբան Արսեն Բաբայանը:

Քվեարկության օրը 15 հազար դրամ ընտրակաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված են Գյումրիի ընտրություններին մասնակցող «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամի թեկնածու 70-ամյա Անահիտ Խալաթյանն ու նրա բարեկամուհին՝ 75-ամյա Կիմա Հայրապետյանը: Նրանք 48 ժամ է անազատության մեջ են: Արսեն Բաբայանի խոսքով, երրորդ ձերբակալվածը՝ 90-ամյա կինը, արդեն ազատ է արձակվել առանց որևէ մեղադրանքի:

«Մասնավորապես էսպիսի խոսակցություն է եղել՝ «ի՞նչ գործ ունեք Մարտունի հետ, կերթաք ցմահ կնստեք», այ սենց խոսակցություններ, էս որակի խոսակցություններ, «գնալու ես ցմահ նստես, կանանց գաղութ, մազերդ խուզելու ենք», էդ կնոջը, ի դեպ, խփել են գլխին», - փոխանցեց փաստաբանը:

Անահիտ Խալաթյանի պաշտպանի խոսքով՝ անազատության 60 ժամը լրանալուց հետո կամ պետք է մեղադրանք առաջադրեն, կամ էլ ազատ արձակեն: Տարեց կանանց իրավապահները կասկածում են իրենց բարեկամուհուն՝ 90-ամյա կնոջը ընտրակաշառքով տեղամաս տանելու համար:

«Իր քրոջ աղջկան թե քեռու աղջկան՝ 90-ն անց մի տատիկի, օգնել են, որպեսզի գնա և մասնակցի քվեարկությանը: 92 թե 93 տարեկան տատիկ է փայտով, ձեռնափայտով, որպեսզի տանեն, մասնավորապես, Կիման տանի տեղամաս, որպեսզի էդ կինը մասնակցի ընտրությանը, և մի մեքենայով՝ տաքսիով են ինչ-որ գնացել կամ հարևանի մեքենայով», - նշեց Բաբայանը:

Փաստաբանի խոսքով՝ երկու կանայք մինչև իրենց 90-ամյա բարեկամուհու հետ ավտոմեքենայով շարժվել են դեպի ընտրատեղամաս, Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական ծառայության աշխատակիցները շրջափակել են ավտոմեքենան, նրանց կոպտորեն հանել այդտեղից, հետո նստեցրել իրենց ավտոմեքենան և տեղափոխել Երևան:

Բաբայանը պնդում է, որ անգամ 90-անց կնոջն են հարվածել, խլել են ձեռնափայտը. - «90-ն անց տատիկի հետ կապված, երևի, ի վերջո, խուսափեն էն պարզ իրողությունից, որ էս տատիկին տարել էին ընդամենը, որպեսզի օրենքով սահմանված կարգով օգնեին, որ ընտրություն անի»:

Your browser doesn’t support HTML5

Փաստաբան Արսեն Բաբայանը ձերբակալված գյումրեցիների մասին

Փաստաբանները նաև պնդում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ զանգահարելուց հետո են միայն հնարավորություն ստացել տեսակցել ձերբակալված տարեց կանանց:

Ռուբեն Մելիքյանը Կիմա Հայրապետյանի պաշտպանն է: Ասում է՝ կնոջն առանց փաստաբանի են հարցաքննել, նա կասկածվում է ընտրակաշառք վերցնելու մեջ: Այս պնդմանը Հակակոռուպցիոնը դեռ չի արձագանքել:

Փաստաբան Մելիքյանի փոխանցմամբ՝ ձերբակալված տարեցներին խուզարկել են, բայց կասկածելի իրեր, այդ թվում՝ գումար, չեն հայտնաբերել:

«75-ամյա տատին չեն ծեծել, բայց հոգեբանական լուրջ ճնշումների են ենթարկել: Կամերայի տակ դրել են, հարցաքննել են առանց փաստաբանի, երկար հարցաքննել են, էս կինն էլ ինչ կա էն էլ պատմել ա: Աչքերից արցունքները գնում էր, ասում էր՝ «բալա ջան, ինձ ընչի՞ հմար են ստեղ բերել», ի՞նչ պատասխանեմ, օրինակ ես ի՞նչ պատասխանեմ՝ ինչի համար են իրեն էդտեղ բերել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելիքյանը:

Գյումրիի ավագանու ընտրություններին առնչվող ավելի քան մեկ տասնյակ քրեական գործեր կան, Քննչականի փոխանցմամբ՝ դեռևս մեղադրյալներ չկան: Դրանք վերաբերում են քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դրվագներին:

Միաժամանակ, Հակակոռուպցիոնում շարունակվում է նաև քարոզարշավին վերաբերող գործերի քննությունը: 8 մարդ, այդ թվում՝ ընդդիմադիր «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանի ավագանու անդամի թեկնածու որդին, մեղադրվում են ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հոդվածներով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գյումրիում ձերբակալված ութ ընդդիմադիրներն ազատ են արձակվել Մարտուն Գրիգորյանն ահազանգում է իր թիմի նկատմամբ ճնշումների մասինՔննչական գործողություններ՝ «Մայր Հայաստանի» ու «Մեր Քաղաքի» Գյումրու նախընտրական շտաբներումՎարույթներ՝ Գյումրիում ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու դեպքերով