Մոսկվան բաց է Երևանի հետ համագործակցության համար․ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ

Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյ, արխիվ

Ռուսաստանը բաց է Հայաստանի հետ համագործակցության համար, Երևանում, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը՝ շեշտելով Մոսկվան պատրաստ է նրան, ինչին պատրաստ է հայկական կողմը։

«Վաղը և մյուս օրը ես կհանդիպեմ տարբեր գերատեսչությունների ղեկավարների՝ արտգործնախարարության, մշակույթի նախարարության, կառավարության ներկայացուցիչների հետ․․․ մենք պատրաստ ենք այն ամենին, ինչին պատրաստ է հայկական կողմը: Սա, թերևս, մեր պատասխանն է․ ինչին պատրաստ է հայկական երկիրը, մենք պատրաստ ենք դրան»,- նշել է Շվիդկոյը։

Նա ընդգծել է, որ խոսքը, մասնավորապես, կինոյի, թատրոնի, բեմարվեստի, գեղարվեստական կրթության ոլորտներում հարաբերությունները զարգացնելու պատրաստակամության մասին է։

«Սական, սա վերաբերում է ոչ միայն մշակույթին․ մենք բաց ենք համագործակցության համար»,- հավելել է Շվիդկոյը:

Հայ-ռուսական հարաբերությունները վերջին տարիներին լարված են։ Դրանք սրվել են, մասնավորապես, 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո, երբ չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը չդատապարտեց դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չարձանագրեց, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ Երևանը դաշինքին անդամակցությունը դե ֆակտո սառեցրեց, չբացառելով նաև դե յուրե սառեցումը։

Սակայն հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մարտի 13-ի համաձայնեցումից հետո վարչապետ Փաշինյանը զանգահարեց Ռուսաստանի նախագահին, որպեսզի Վլադիմիր Պուտինին պատմի Ադրբեջանի հետ բանակցությունների ավարտի մասին: Գրեթ մեկ շաբաթ անց էլ Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ անցկացրին: Երեք օրում երկու հեռախոսազրույց ունեցան արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը, մայիսի 9-ին էլ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու տոնակատարություններին: Մարտի 3-ին էլ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն ուղերձներ են փոխանակել։

Ընդդիմության կարծիքով Հայաստանի իշխանությունը փորձում է մեղմել Ռուսաստանի հետ լարվածությունը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքել է՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա հարցերին դեռ պատասխաններ չեն տրվել, խնդիրներից խոսել են նախկինում, այժմ էլ կշարունակեն խոսել, իսկ արտաքին քաղաքական վեկտոր փոխելու մասին պնդումներն, ըստ Սիմոնյանի, իրականությանը չեն համապատասխանում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ-ռուսական շփումների ակտիվացում. ընդդիմության և իշխանության բացատրությունները տարբեր են