Խնածախի և Խոզնավարի անհանգիստ գիշերները շարունակվում են

Սյունիքի մարզի Խնածախ գյուղը, արխիվ

Սյունիքի Խնածախ և Խոզնավար գյուղերի անհանգիստ գիշերները շարունակվում են. բնակիչները պատմում են՝ ամեն ուշ երեկո, նույն ժամին հրաձգությունը վերսկսվում է: Ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունները նախորդ օրերին սահմանային միջադեպերի մասին չեն հաղորդել, Խնածախից, սակայն, ահազանգում են՝ հանգստյան օրերին ադրբեջանական կրակից գյուղի տանիքներից մեկն է վնասվել:

Բնակիչներից մեկը չձայնագրվելու պայմանով պատմեց՝ իրենց հարևան տներից մեկի տանիքի թիթեղն է վնասվել, տունը, սակայն, դատարկ է, ապրողներ չկան, տեղի ունեցածի մասին հայտարարությունների բացակայությունը «Ազատության» զրուցակիցը հենց այս հանգամանքով է պայմանավորում:

Խնածախի ու հարևան Խոզնավարի բնակիչները գիշերային կրակոցների ներքո են լուսացնում արդեն մեկուկես ամիս. այս ընթացքում, սակայն, գյուղերի ուղղությամբ կրակի մասին Պաշտպանության նախարարությունը չորս անգամ է հաղորդել, երբ քաղաքացիական ենթակառուցվածքներ են թիրախավորվել:

Պաշտպանական գերատեսչությունը հիմնականում ադրբեջանական կողմի՝ իրենց դիրքերը թիրախավորելու մասին մեղադրանքներն էր հերքում՝ ամեն անգամ կրկնելով սահմանային միջադեպերը քննելու Երևանի առաջարկը, որը, սակայն, Ադրբեջանը հետևողականորեն անարձագանք է թողնում:

Այսօր լրագրողները խորհրդարան այցելած պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից փորձեցին պարզաբանումներ ստանալ: Փոխնախարարը հայտարարեց՝ եթե կրակոցների ինտենսիվությունը պահպանված լիներ, հաղորդագրություն կհետևեր. - «Եթե նման դեպքեր արձանագրվում են, [նախարարությունն] անպայման իրազեկում է հանրությանը ... Եթե պահպանված լիներ, ապա կլիներ հաղորդագրություն»:

Խնածախցիները, մինչդեռ, պատմում են՝ շարունակական կրակոցների պատճառով իրենց կենցաղը փոխվել է: Ասում են՝ երեկոյան տանն են փակվում, դուրս չեն գալիս, անգամ խուսափում են պատուհանների մոտ գտնվել: Գյուղատնտեսական աշխատանքները նույնպես տուժում են, անասունների թիվը նվազում է, մի քանի ընտանիք այժմ գյուղից տեղափոխվելու մասին է մտածում:

իրավիճակն առանձնապես չի տարբերվում հարևան Խոզնավարում, այնտեղ էլ նույն ժամին՝ երեկոյան 22:30-ի սահմաններում կրակոցները վերսկսվում են:

«Էլի կրակում են, նույն ձևն ա, նույն չափսն ա, նույն ժամերին», - «Ազատությանն» ասաց Խոզնավարի բնակիչը:

«Ամառն ա դժվար ըլնելու, էլի, ամառը, որ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց, մեկ ա, էլի գյուղ տեղ ա, էլի գիշերն էլ ենք գործ անում, մինչև 12-ը, 11-ը, բան, գործ ենք անում», - ընդգծեց «Ազատության» զրուցակիցը:

Շուտով ընտանիքների ունեցած սակավաթիվ անասուններին պահելն էլ կարող է խնդիր լինել, կենդանիներին պետք է արոտավայր տանել. - «Սկի էդ անասնապահությունն էլ նորմալ չկա, էլի, մարդիկ, տարածքները, որ չկա, ահագին թեթևացրել են, մարդիկ մի իրեք-չորս հատ են պահում»:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը սահմանային իրադրությանը վերջին անգամ մեկ շաբաթ առաջ է անդրադարձել՝ դարձյալ հերքելով հրադադարը խախտելու Ադրբեջանի մեղադրանքը: Մեկ շաբաթ է՝ լուռ է նաև ադրբեջանական կողմը:

Շարունակվող կրակոցների ֆոնին, պաշտոնական Բաքուն այսօր տեղեկացրել է ծովային հետևակի մասնակցությամբ անցկացված վարժանքների մասին: Մայիսի առաջին հինգ օրերի ընթացքում սա ռազմական վարժանքների մասին Ադրբեջանի երկրորդ հայտարարությունն է: Հարևան երկրում գրեթե ամեն ամիս զորավարժություններ են անցկացվում:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Դաշտավայրում չեն թողնում աշխատել, չմշակվող այգիներ կան». Խնածախում անդորրը չի վերականգնվումՍյունիքում կրակոցները շարունակվել են. նախօրեին նախարարներ են այցելել գյուղեր, կրակոցների մասին հրապարակած տեսանյութում՝ ոչ մի բառ Ճամբարակում կրակոց չեն լսել, բայց Սյունիքի գյուղերի ուղղությամբ դրանք չեն դադարումԵրևանը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու Բաքվի պնդումը