Ուկրաինան Ռուսաստանին մեղադրել է Հաղթանակի օրվա առթիվ իր իսկ հայտարարած եռօրյա հրադադարը խախտելու համար, որն ուժի մեջ է մտել կեսգիշերից: Ուկրաինան, որը հրադադարին չի միացել՝ պահանջելով կրակը դադարեցնել առնվազն 30 օրով, հայտարարել է, որ ռուսական զորքը հարձակվում է առաջնագծի ողջ երկայնքով, մի քանի անգամ կառավարվող ռումբեր է նետել Սումիի վրա, թեև հրադադարի առաջին ժամերին հարաբերական հանգիստ է եղել:
Ուկրաինայի արտգործնախարարն X-ում գրել է, որ օրվա ընթացքում ռուսական կողմը հրադադարը խախտել է մի քանի հարյուր անգամ: Անդրեյ Սիբիգան նշել է, որ խախտումների մասին տեղեկացնում են ԱՄՆ-ին, եվրոպական գործընկերներին, ապա հավելել է՝ 30-օրյա հրադադարի մասին Կիևի առաջարկը դեռ ուժի մեջ է:
«Մենք համարժեքորեն արձագանքում ենք բոլոր հարձակումներին ... Մենք թույլ չենք տա, որ Պուտինը խաբի որևէ մեկին, երբ նա նույնիսկ իր խոստումը չի պահում», - գրել է Սիբիգան:
Ռուսական կողմն, իր հերթին, տեղեկացրել է, որ ուկրաինական զինուժը մի քանի հարյուր անգամ խախտել է հրադադարը, երկու անգամ էլ փորձել է ճեղքել սահմանը Կուրսկում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մոսկվան պնդում է՝ հրադադարն ուժի մեջ է մտելՈւկրաինայի քաղաքներում հիմնականում լռություն է Կրեմլի հայտարարած հրադադարի առաջին ժամերինՄինչ Կիևն ու Մոսկվան մեղադրանքներ են փոխանակում, Մոսկվա են ժամանում տարբեր երկրների ղեկավարներ՝ մասնակցելու վաղվա ռազմական շքերթին, թեև Ուկրաինան հայտարարել էր, որ չի երաշխավորում որևէ մեկի անվտանգությունը, և կոչ էր արել չմասնակցել շքերթին: Մոսկվան ակնկալում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 30 երկրի առաջնորդ, թեև մի քանիսը, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահը, մերժել են հրավերը:
Ռուսաստան է ժամանել նաև Չինաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինի ու Սի Ծինփինի հանդիպման արդյունքներով հայտարարություն է տարածվել, որում կողմերը համաձայնել են՝ ուկրաինական խնդրի կարգավորման համար հարկավոր է նախ վերացնել դրա ծագման գլխավոր պատճառները, մի բան, որը մշտապես պնդել է Ռուսաստանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ հռչակագիր են ստորագրելՄոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահներըՄոսկվայում տոնական պատրաստությունների ֆոնին Ուկրաինայի նախագահը Հաղթանակի օրվան նվիրված ուղերձում այսօր կոչ է արել Ռուսաստանի դեմ պայքարել բոլոր հնարավոր ճակատներով և ստիպել, որ դադարեցնի պատերազմը:
«Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է, որ լռություն տիրի, որ խաղաղությունը հաղթի։ Մենք պայքարում ենք դրա համար։ Եվ հասկանում ենք, թե ինչ է անհրաժեշտ դրա համար։ Կա՛մ Ռուսաստանը պետք է արմատապես փոխվի, կա՛մ աշխարհը պետք է փոխվի», - հայտարարել է Զելենսկին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Զելենսկին կոչ է անում ուժեղացնել Մոսկվայի վրա ճնշումըՄինչ այդ, Միացյալ Նահանգների նախագահը, որն ընտրվելուց առաջ խոստանում էր օրերի ընթացքում դադարեցնել պատերազմը, հայտարարել է, թե մոտենում է պահը, երբ անհրաժեշտ է ռուս - ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ որոշումներ կայացնել: Դոնալդ Թրամփը դարձյալ դժգոհել է բանակցությունների ընթացքից:
«Մենք հասնում ենք մի կետի, երբ որոշ որոշումներ պետք է կայացվեն։ Ես դժգոհ եմ դրանից», - ասել է Թրամփը:
ԱՄՆ փոխնախագահն, իր հերթին, ասել է, թե Ռուսաստանը չափազանց շատ բան է պահանջում պատերազմը դադարեցնելու դիմաց: Ջեյ Դի Վենսը նշել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է բանակցությունները, որպեսզի հասկանան, թե կողմերին ինչ է հարկավոր խնդրի կարգավորման համար: Սակայն Ռուսաստանը և Ուկրաինան պետք է սկսեն ուղիղ խոսել միմյանց հետ, ասել է նա:
«Ակնհայտորեն Միացյալ Նահանգներն ուրախ է մասնակցել այդ բանակցություններին, բայց շատ կարևոր է, որ ռուսներն ու ուկրաինացիները սկսեն խոսել միմյանց հետ։ Կարծում ենք՝ սա հաջորդ մեծ քայլն է, որ կցանկանայինք անել», - հայտարարել է Վենսը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցություններիՄինչ Միացյալ Նահանգներն ուղիղ բանակցելու կոչ է անում, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը սոցցանցում տեղեկացրել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայացուցիչների հետ քննարկել է ուղիները, թե ինչպես ճնշել Ռուսաստանին, որպեսզի համաձայնի 30-օրյա հրադադարին:
Անդրեյ Երմակը չի հստակեցրել, թե երբ է տեղի ունեցել ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների հետ առցանց քննարկումը, սակայն նշել է՝ բոլորն են համաձայնել, որ լիակատար և անվերապահ հրադադարը պետք է լինի արդար և կայուն խաղաղության հասնելու առաջին քայլը։
«Մենք նաև քննարկել ենք, թե ճնշման ինչ գործիքներ ունենք, եթե Ռուսաստանը մերժի նախաձեռնությունը կամ խախտի պայմանավորվածությունները», - նշել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Ուկրաինացի պաշտոնյան նաև պնդել է, որ Պուտինը եռօրյա հրադադարն առաջարկել է ոչ թե խաղաղություն հաստատելու, այլ Մոսկվայում շքերթն անվտանգ անցկացնելու նպատակով, ինչը, ըստ Երմակի, քաղաքական մանիպուլյացիա է: