Ինչպես են ադրբեջանցի լրագրողները թղթակցում՝ ճաղերի հետևից

Ներկայումս մոտ երկու տասնյակ լրագրողներ ճաղերի հետևում են գտնվում Ադրբեջանում՝ նավթով հարուստ, ավտորիտար պետությունում, որտեղ իշխանությունը հորից ժառանգած Իլհամ Ալիևը երկրի ղեկին է արդեն ավելի քան երկու տասնամյակ: Բայց դա նրանց չի խանգարել թղթակցել:

«Լուրը կարելի է գտնել ցանկացած վայրում։ Հատկապես, երբ գտնվում ես կալանավայրում, որտեղ ամեն ինչ գաղտնի է պահվում», - ասում է «Աբզաս Մեդիա» հետաքննական կայքի լրագրող Էլնարա Գասիմովան:

Լրագրող Էլնարա Գասիմովան

Ձերբակալված և առանց ինտերնետ հասանելիության՝ ադրբեջանական լրագրողները «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հետ կիսվել են իրենց սեփական պատմություններով, թե ինչպես են թղթակցում անազատության մեջ:

29-ամյա Գասիմովան կալանավորված է 2024 թվականի հունվարից մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ փողերի մաքսանենգության և լվացման։ Նա և այլ բանտարկված լրագրողներ հերքում են Ադրբեջանում իրենց առաջադրված մեղադրանքները։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները մեղադրում են Ադրբեջանին քաղաքացիական ազատություններն և ազատ արտահայտվելու իրավունքը զանգվածաբար ճնշելու համար:

Ադրբեջանի իշխանությունները թիրախավորել են առնվազն երեք այլ լրատվամիջոցների՝ Toplum TV-ի, Meydan TV-ի և Kanal 13-ի լրագրողներին, միաժամանակ ձերբակալելով «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ֆարիդ Մեհրալիզադային։ Վերջերս էլ նրանք չեղարկեցին BBC-ի, «Ամերիկայի Ձայնի», Bloomberg-ի և ռուսական պետական Sputnik լրատվական գործակալության հավատարմագրերը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվի պահանջով BBC-ն փակում է գրասենյակը Ադրբեջանում

Այսքանով հանդերձ՝ Բաքուն հերքում է մամուլի ազատության վերաբերյալ քննադատությունը: Ալիևը 2024 թվականի ապրիլին ասել էր, որ Ադրբեջանը պետք է պաշտպանի իր լրատվական դաշտը «արտաքին բացասական ազդեցությունից», և որ «բոլորը պետք է պահպանեն օրենքը»:

Ձերբակալված ադրբեջանցի լրագրողներից ոմանք որոշել են շարունակել իրենց աշխատանքը բանտախցերից։ Նրանք պնդում են, որ իրենց շինծու մեղադրանքներ են ներկայացվել, որոնցով կարող են մինչև 12 տարվա ազատազրկման դատապարտվել։

Գասիմովան բանտից նյութեր է ուղարկել՝ բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքի, բժշկական օգնության բացակայության և բռնության դեպքերի մասին։

«Մենք ցույց ենք տվել, որ լրագրողներն ամենուր լրագրող են, և քանի դեռ մենք կալանավորված ենք, այստեղի ապօրինությունները՝ մարդու իրավունքների խախտումներ, անօրինական գործողություններ, կոռուպցիա, բռնություն և այլն, չեն մնա թաքնված»,- ասել է նա «Ազատությանը»։

Իր վերջին զեկույցում Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Ադրբեջանում «կալանավորների նկատմամբ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի օրինաչափություն դարձած բազմաթիվ դեպքերը»:

Որպես ապացույց՝ HRW-ը մեջբերում է «Աբզաս Մեդիա»-ի բանտարկված տնօրեն Ուլվի Հասանլիի նյութը։ Նա փաստագրել է ենթադրյալ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի առնվազն 58 դեպք այն կալանավայրում, որտեղ բանտարկված է:

«Կալանավայրում նյութեր պատրաստելու համար ամենակարևորը ուշադիր հետևելն է և մեր աչքերն ու ականջները բաց պահելը», - ասել է Գասիմովան։

Բայց դա հեշտ գործ չէ:

«Մեր հեռախոսազանգերը վերահսկվում են, և երբ մենք փորձում ենք հեռախոսով փոխանցել կալանավայրի մասին տեղեկությունները, զանգերն անմիջապես ընդհատվում են», - ասել է Գասիմովան: Նա հրաժարվել է բացահայտել, թե ինչպես են նրանք նյութեր փոխանցում արտաքին աշխարհին:

Հարազատներին չի թույլատրվում նոթատետրեր կամ գրիչներ բերել այցելությունների սենյակ: «Դրանք առգրավվում են», - պատմել է նա:

Սևինջ Վագիֆգըզըին

Գասիմովայի լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգըզըին ոստիկանությունը ձերբակալել էր Բաքվի օդանավակայանում՝ 2023 թվականի նոյեմբերին։ Խմբագիրը սպասում էր այդ քայլին, քանի որ Ալիևի ռեժիմը մինչ այդ էլ նրա դեմ մի քանի հետապնդում էր սկսել:

35-ամյա Վագիֆգըզըն նույնպես որոշել է թղթակցել բանտից։

«Չնայած մեր նյութերը մեծացնում են ճնշումն ու հսկողությունը մեզ վրա, դրանք նաև բերում են դրական փոփոխություններ՝ մյուս կալանավորների համար», - գրել է նա «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին ուղղված նամակում:

«Աբզաս Մեդիա»-ի հաղորդման արդյունքում կալանավայրի աշխատակիցները այլևս ձեռնպահ են մնում վիրավորական վարքագծից, քանի որ գիտեն՝ դա բացահայտվելու է», - ասել է Վագիֆգըզըն:

Լրագրողները նշում են, որ իշխանությունները տեղյակ են «բանտային թղթակցության» մասին, և փորձում են ամեն կերպ ճնշել։

«Մեզ փորձում են տարբեր ճանապարհներով կանգնեցնել։ Բայց նրանց մեթոդները մեզ չեն խանգարի անել այն, ինչ մենք ճիշտ ենք համարում», - ասել է Գասիմովան:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Մայա Զիվանովիչը նպաստել է այս հոդվածի պատրաստմանը