«Մամուլի ազատության դեմ է». «Առավոտ» թերթի խմբագիրը՝ Արայիկ Հարությունյանի գրառման մասին

Վարչապետի աշխատակազմից լրատվամիջոցներին զգուշացնում են՝ ինքնակարգավորվեք, հակառակ դեպքում հանրության պահանջով ձեզնով իշխանությունը կզբաղվի: Վարչապետ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է Ֆեյսբուքով դիմել լրատվամիջոցներին:

«Եթե իշխանությունը ձեռնարկի այդպիսի քայլեր, դա կլինի սահմանափակում հենց այն լրատվամիջոցների, որ իրենց դուր չեն գալիս», - ասաց «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:

Արայիկ Հարությունյանը մայիսի 2-ին մի գրառում է արել Մամուլի ազատության ինդեքսում Հայաստանի արձանագրած առաջընթացի մասին, թե մամուլի ազատության հարցում Հայաստանը առաջ է Վրաստանից, Իրանից, Ադրբեջանից ու Թուրքիայից:

Ժամեր անց Հարությունյանը երկրորդ ստատուսն է գրել, թե հանրությունն արձանագրել է, որ պետությունը աննախադեպ ազատություն է ապահովում, և այդ ազատությունը մեկնաբանվում է որպես սանձարձակություն ու սադրանք:

«Եթե ասում են՝ բազմաթիվ աշխատավորների պահանջով մեզ կարգավորելու են, ապա դա նշանակում է խոսքի ազատության սահմանափակում, ուրիշ ձև չի կարելի», - ասաց Արամ Աբրահամյանը:

Ո՞վ է այդ հանրությունը, որի պահանջով էլ ուզում է գործի անցնել կառավարությունը: Ինչպե՞ս է այդ պահանջը ներկայացվել, սոցհարցումնե՞ր են արել, հարցնում է «Առավոտ» թերթի խմբագիրը: Վարչապետի կաբինետի պաշտոնյայի գրառումը, երկարամյա խմբագրի գնահատմամբ, մամուլի ազատության դեմ է:

«Ամենակարևոր հարցը՝ ինչպե՞ս են մեզ պատրաստվում կարգավորել, ցանկացած կարգավորում իրենից ներկայացնում է սահմանափակում այն լրատվամիջոցների, որոնք անկախ են, որոնք իրենց տեսակետն են հայտնում, ու այդ տեսակետը դուր չի գալիս իշխանություններին: Եվ չեն սահմանափակվում այն լրատվամիջոցները, որոնք սատարում են իշխանություններին կամ կատարում ենք նրանց քարոզչությունը», - ասաց Աբրահամյանը:

Արայիկ Հարությունյանը կոչ է արել միասին աշխատել իրավիճակը շտկելու համար: Վարչապետի աշխատակազմի նորաբաց Մասնակցային և բաց կառավարման վարչությունը պատրաստ է քննարկել այդ հարցերը: Լրատվամիջոցների թողարկումների բովանդակության հետ ին՞չ կապ ունի այս վարչությունը, ի՞նչ է անելու, «Ազատության» այս հարցերին կառավարությունից դեռ չեն արձագանքել:

«Հանրության անվան տակ թաքնվելն արդեն ուղղակի հոգնեցրել է մեզ. «մանդատ ենք ստացել՝ կարող ենք երկիրը հանձնել, հանրությունը մեզ դրդում է, որպեսզի մենք խոսքի ազատությունը սահմանափակենք», ո՞վ, ո՞ր հանրությունն է, կոնկրետ ովքե՞ր են պահանջում լրագրողների նկատմամբ ինչ-որ գործընթացներ ձեռնարկել», - ասաց «Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը:

«Հրապարակ»-ի խմբագիր. Հարությունյանն այս գրառմամբ փորձում է վախեցնել լրագրողներին ու լրատվամիջոցներին

«Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանի համոզմամբ՝ Արայիկ Հարությունյանն այս գրառմամբ փորձում է վախեցնել այն լրագրողներին ու լրատվամիջոցներին, որ իշխանության քիմքով չեն առաջնորդվում, քննադատում են կառավարությանն ու կոռուպցիան բացահայտում:

«Սահմանափակել, վախեցնել, հետո էդքան չեն կարող կարգավորել, կառավարել, որքան վախ ներշնչել լրագրողներին, խմբագիրների, որ այդ ինքնագրաքննիչը սկսի աշխատել: Մենք չենք պատրաստվում հանդուրժել, որ Արայիկ Հարությունյանները, այս երկրում մի քանի ձեռքբերում գոյություն ունի, խոսքի ազատությունը դրանցից մեկն է, գա ու տրորի այդ խոսքի ազատությունը», - ընդգծեց նա:

Մամուլի ազատությունն իշխանությունը, պետությունը չի շնորհում, լրագրողներն են տարիների աշխատանքով նվաճել, պայքարելով ու իշխանության ճնշումներին դիմադրելով, մամուլի ազատության առաջընթացով հպարտացող Արայիկ Հարությունյանին հակադարձում են Արմինե Օհանյանն ու Արամ Աբրահամյանը, որ լրագրող ու խմբագիր են եղել անկախ Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք:

«Մոռանում են, որ այդ խոսքի ազատությունն իրենցով չի պայմանավորված, դա մեր գործունեությամբ, մեր ջանքերով, մեր տառապանքների շնորհիվ է ձեռք բերվել Հայաստանում, մեր լրագրողների, որ 30 և ավելի տարի անցել ենք բազմաթիվ փորձությունների միջով և կարողացել ենք ամրապնդել մեր դիրքերը, մեր ազատ խոսելու, ազատ արտահայտվելու իրավունքը վաստակել ենք», - ընդգծեց Արմինե Օհանյանը:

Արամ Աբրահամյանն էլ նշեց. - «Որևէ իշխանություն, ոչ միայն այս իշխանությունը, այլև նախորդ իշխանությունները կամ որևէ այլ երկրի իշխանություն, բարի կամքով ոչ մի ազատություն չի տալիս, դա լինում է օրենսդրական մեխանիզմներով, որոնց հասնում է հանրությունը, և դա լինում է լրագրողների աշխատանքով»:

Արայիկ Հարությունյանի դժգոհության հասցեատերերը բոլոր լրագրողներն են, նրա խոսքերից ստացվում է՝ Հայաստանում բոլորն են սադրանքով ու սանձարձակությամբ զբաղված, սա անբարեխիղճ մոտեցում է, ասում է Արամ Աբրահամյանը:

«Ինքնակարգավորում բառը, ինձ թվում է, պարոն Հարությունյանն ու ընդհանրապես մեր իշխանությունը լավ չեն հասկանում», - ասաց «Առավոտ» թերթի խմբագիրը:

Ինքնակարգավորումը կապ չունի իշխանության պատկերացրած գործիքների հետ, տասնյակ տարիների փորձով խմբագրի, Արամ Աբրահամյանի մեկնաբանմամբ, այդ ինքնակարգավորումը լրատվական դաշտի գործն է, պրոֆեսիոնալ էթիկայի կանոններին կամավոր հետևելը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Լրագրողներ առանց սահմանների»-ի՝ Մամուլի ազատության սանդղակում Հայաստանը բարելավել է դիրքերը