ՀՀԿ-ն պատրաստ է վարչապետի պաշտոնում սատարել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը. վերջինիս գրասենյակից չեն մեկնաբանում

Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստ է խորհրդարանում նախաձեռնել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը: Առաջարկելով վարչապետի թեկնածուի շուրջ քննարկումներ սկսել՝ Հանրապետականը պատրաստ է սատարել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը:

Պատասխանելով «Արթուն ենք» նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանի նամակին՝ ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ն այսօր հայտարարել է՝ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահության հայտնելու գործընթացն է»:

Միաժամանակ «Պատիվ ունեմ»-ը նշում է՝ գործընթացը չբարդացնելու համար հայտարարում են, որ այս պահին չունեն վարչապետի թեկնածու և պատրաստ են առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել իմփիչմենթի գործընթաց:

Սահմանադրության համաձայն՝ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը և միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ո՞վ կնախաձեռնի Նիկոլ Փաշինյանի անվստահության գործընթացը



«Որպեսզի այս գործընթացը բարդույթներ, ամբիցիաներ, քաղաքական նկրտումներով չբարդանա, մենք պատրաստ ենք թեկնածուի շուրջ քննարկումներին զրո ամբիցիայով», - ասաց Հայկ Մամիջանյանը:

Մինչդեռ երկրորդ նախագահի առաջնորդած «Հայաստան» խմբակցությունն այս պահին վարչապետի անվստահության գործընթացն իրատեսական չի համարում: Օրերս խմբակցությունը շեշտել էր՝ պատրաստ են իմփիչմենթի գործընթացի մեկնարկի համար տրամադրել իրենց 28 պատգամավորների ստորագրությունները, եթե նախաձեռնողները նախ ապահովեն անհրաժեշտ ևս 8 պատգամավորի ստորագրություն, իսկ փողոցում էլ ժողովրդական զանգված ապահովելու կարողություն ունենան:

Սերժ Սարգսյանի առաջնորդած խմբակցությունը ունի ընդամենը 6 պատգամավոր: Վարչապետի անվստահության գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն, իսկ որոշումն ընդունելու համար՝ առնվազն 54 կողմ ձայն:

Հանրապետականից մինչդեռ հակադարձում են. «Ես չեմ համարում, որ հայրենիքի համար պայքարի պարագայում պետք է նստես ու հաշվես՝ հավանականությունը ինչքան է հաջողության հասնելու: Մեր բոլորի տրամաբանությունը հետևյալն է՝ բոլոր գործոնները, գործողությունները հասցնել իրենց արդյունավետության մաքսիմումի ու կպնել գործին», - նշեց Մամիջանյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վստահ եմ՝ եթե նույնիսկ ընտրությունները այս ուրբաթ լինեն, ՔՊ -ն հաղթելու է 50+1 տոկոսով». Ալեն Սիմոնյան

Վարչապետի թեկնածուի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության շուրջ քննարկումներ սկսելու «Պատիվ ունեմ»-ի առաջարկին «Հայաստան» խմբակցությունն առայժմ չի արձագանքել: Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն «Ազատությանը» փոխանցեց. ««Հայաստան» դաշինքը տարածել է հայտարարություն, մնանք այդ հայտարարության շրջանակներում, մեկնաբանություն չունեմ»:

Վերջին շրջանում նաև Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցի շուրջ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների հարաբերությունները սրվել են: «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեղադրում են հանրապետականներին Փաշինյանի իմփիչմենթի հարցը օգտագործելով իրենց թիրախավորելու համար: Ավելին՝ պնդում են, թե իմփիչմենթի գործընթաց սկսելու առաջարկով պատգամավորներին դիմած «Արթուն ենք» նախաձեռնության անդամները Սերժ Սարգսյանի կողմնակիցներն են:

«Այս գործընթացը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց է: Եթե կան մարդիկ, որոնք այդ գործընթացն ընկալում են իրենց դեմ, ոչինչ ասել չեմ կարող», - ասաց ՀՀԿ ԳՄ անդամ
Հայկ Մամիջանյանը, որը իրենց հասցեին հնչող մեղադրանքներին ի պատասխան նաև հիշեցնում է՝ ի տարբերություն որոշ ուժերի, իրենք միջնորդավորված չեն գործում:

Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» տեսանյութում.