Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ծրագիր կազմած Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը որոշ չակերտներ է բացել՝ կուսակցություններից ու քաղհասարակությունից բացի, նաև իրավապահների դերն է մեծ իշխանափոխության գործում:
«Հիմա ո՞րն է մեր նպատակը՝ իշխանափոխություն անելը, թե՞ կառավարիչի մոտ ընդդիմություն աշխատելը: Շատ կարևոր հարց է, չէ՞», - ասել է նա:
Սերժ Սարգսյանն անցած շաբաթ առանց մանրամասների պնդել էր, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահը հասունացած է: Երեկ նախկին նախագահը բավարարվել է միայն ակնարկով, որ խոսքն ըստ ամենայնի ընտրությունների մասին չէ:
«Հիմա եթե ունենք կայացած ինստիտուտներ, որոնք կորոշեն, որ ամեն ինչը պետք է հերթով, շարքով, շնորհքով լինի, սպասենք ընտրությունների, գնանք ընտրություններով, կտեսնենք և այլն...: Կայացած ես համարում եմ այն ինստիտուտները, որոնք ճիշտ որոշումներ են կայացնում՝ ոչ թե ելնելով «այս ամիս մեզ կֆինանսավորեն, թե չեն ֆինանսավորի», այլ՝ երկրի շահերից», - ասել է երրորդ նախագահը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սերժ Սարգսյան. Իմ կռիվը իշխանափոխության համար էԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սերժ Սարգսյանին հիշեցնում է՝ հենց ինքը ժողովրդի ճնշման տակ է հեռացել իշխանությունից, երբ 10 տարի նախագահ էր, դրանից առաջ էլ ղեկավարել էր իրավապահ, ուժային կառույցներ:
«Արդյոք սա նշանակում է, որ 2018թ. ինքը նորմալ չի ֆինանսավորել իրավապահ համակարգը, դրա համար իշխանափոխություն է տեղի ունեցել», - ասաց նա:
Այդ հարցին Սերժ Սարգսյանն անուղղակի անդրադարձել է՝ պատասխանելով, թե ինչու Նիկոլ Փաշինյանը անմիջապես չձերբակալվեց Հանրային ռադիոյի շենք մտնելիս, այլ միայն օրեր անց, երբ փողոցային շարժման ծավալները շեշտակի մեծացել էին. «Որովհետև այդ ժամանակահատվածում մենք չէինք գնահատում, որ փողոցում կան այնքան մարդիկ, ովքեր ի զորու են իշխանափոխություն իրականացնել»:
Հիմա երրորդ նախագահը պնդում է՝ պաշտոն չի ուզում, ՀՀԿ-ն չի հավակնում նորից վերցնել երկրի ղեկը, Ռոբերտ Քոչարյանի հետ էլ այդ հարցում չեն մրցում:
Այն, որ երկրորդ և երրորդ նախագահների միջև տարաձայնություններ կան, նրանց համակիրների բացահայտ առցանց պատերազմից բացի, վկայում են նաև հենց իրենք, պատճառներից մեկն այն է, որ ի տարբերություն Սարգսյանի՝ Քոչարյանը կարծում է, որ Փաշինյանին հնարավոր է հեռացնել ընտրություններով:
Մինչ նախկին նախագահները հարաբերություններ են պարզում, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վկայոկոչում է Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումները, որոնցով Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը շատ ցածր է, բայց վարչապետ Փաշինյանն էլ հեղափոխությունից յոթ տարի անց, ըստ նույն հարցումների, 16 տոկոսի վստահություն ունի:
Խորհրդարանական ընտրություններին մնացել է մեկ տարի:
Ամբողջական տարբերակը՝ տեսանյութում.