«Ցավով պիտի արձանագրեմ, որ եթե այս ընտրությունները համեմատենք սեպտեմբերին կայացած Երևանի ավագանու ընտրությունների հետ, ապա տեղամասերում երևացող պատկերի առումով ռեգրես է», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման եթերում ասաց դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Անկախ դիտորդ» կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:
«Ազնվությամբ պիտի ասեմ, որ իշխանության ավելի բարձր մարմիններում, օրինակ՝ տարածքային հանձնաժողովների միջամտության առումով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքի առումով, Ոստիկանության աշխատանքի առումով խնդիրներ չենք տեսել, և անգամ տեղամասային հանձնաժողովներում երբ շարունակական խնդիրներ էր լինում, որոնք կարող են լուծվել վերադաս հանձնաժողովների միջամտության արդյունքում, դրանք լուծվում էին: Բայց տեղամասային ընտրական հանձնաժողովներում խնդիրները կային, շատ էին, քվեարկության գաղտնիության ապահովման հետ կապված շատ խնդիրներ կային տեղամասերում», - նշեց Իոաննիսյանը:
Տեղամասերում հիմնական խնդիրը՝ թե՛ այս, թե՛ նախորդ ընտրություններին, քվեարկության գաղտնիության ապահովումն էր: «Նախորդ անգամ ավելի լուրջ էր, քան այս անգամ: Այժմ նման երևույթ չկա, բայց, այդուհանդերձ, քվեարկության գաղտնիության խախտման դեպքերը շատ էին և մտահոգիչ», - ընդգծեց «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչը:
Իոաննիսյանի խոսքով՝ որոշ հատվածներում, որոշ ընտրական տարածքներում նկատել են «հին վարքագծի կանոններ»․ - «Ընտրողների պահվածքի հարցն է: Այսինքն՝ իհարկե, մի բան է, երբ որ գնում ես փաստը բռնում ես, բայց ուրիշ բան է, երբ որ հետևում ես ընտրողների պահվածքին և տեսնում ես՝ ընտրողները ամբողջությամբ իրենց ազա՞տ են զգում, թե՞՝ ոչ: Երևանի ավագանու ընտրություններին ընտրողների պահվածքը ազատ ընտրողների պահվածք էր ամբողջությամբ, այս ընտրություններին այդպես չէր»:
«17 թվականից լավ էր, կրկնում եմ՝ ամեն ինչ 17 թվականից լավ էր, բայց, միևնույն է, շատ ընտրական տարածքներում զգացվում էր, որ ընտրողներին տանում-բերում են․․․ այո, տենց բաներ տեսել ենք, ընդ որում՝ շատ ենք տեսել, «Գազել»-ներով չէ՝ սեդաններով, թեթև մարդատար մեքենաներով, բայց տանել-բերելու երևույթը տեսել ենք, ցավոք սրտի, դա կա», - ասաց «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչը:
Ընդգծելով՝ շատ դժվար է պարզել, թե որ թեկնածուի օգտին է դա արվում, Իոաննիսյանը, այդուհանդերձ, ասաց․ - «Բայց, ամեն դեպքում, մեր տեսած տեղեկություններով, այն տեղեկություններով, որը նաև մեր հետ կիսվում էին ընտրողները և մարզերում նաև տեղացիները, հիմնականում դա պայմանավորված էր երեք կուսակցություններով կամ երեք կուսակցությունների տարածքային թեկնածուներով, դրանք են՝ «Իմ քայլը», Հանրապետականը և «Բարգավաճ»-ը: Այդ երեք կուսակցություններից տարածքային թեկնածուներ են եղել, ում համակիրների պահվածքը քվեարկության օրը բավականին խնդրահարույց էր»: