Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վահան Հովհաննիսյանը քվեարկեց թիվ 10/08 ընտրատեղամասում:
Դաշնակցական գործիչն ասաց, որ քվեարկեց իրենց հաղթանակի ու հանուն Հայաստանի ապագայի․ - «Որպեսզի մեր երկրում վերանա կոռուպցիան, որպեսզի մեր երկիրը ուժեղ լինի, ստեղծվեն աշխատատեղեր, վերադառնան երկիրը լքածները»։
Նա հույս հայտնեց, որ մի օր ընտրողների համար ընտրություններին մասնակցելը կլինի պարտադիր:
«Համարում եմ, որ ընդհանրապես կգա ժամանակ, երբ Հայաստանում ընտրությունները շատ ավելի լուրջ քաղաքացիական պատասխանատվության դրսեւորում կդառնան», - ասաց դաշնակցական գործիչը՝ մանրամասնելով․ - «Ընտրությունը կարող է դառնալ պարտադիր։ Այդ ժամանակ, իհարկե, դուրս կգան անհեթեթ տեսակետները, թե իբր ընտրության հաջորդ օրը քվեարկած մարդկանց ցուցակները հրապարակելը խախտում է նրանց իրավունքները։ Պարտադիրի դեպքում նման պրոբլեմ ընդհանրապես չի առաջանա, եւ որեւէ խախտում իրականացնելը շատ ավելի դժվար կդառնա»։