Մատչելիության հղումներ

20 տոկոսով ավելի քիչ արտադրանք. Հայաստանի արդյունաբերության ոլորտի ցուցանիշները նվազում են


Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի արդյունաբերությունը 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 20 տոկոսով ավելի քիչ արտադրանք է տվել: Վիճակագրական կոմիտեի նախօրեին հրապարակած զեկույցը փաստում է՝ կրճատումներ կան տարբեր ուղղություններով՝ հանքարդյունաբերություն, խմիչքներ, հագուստ:

Պաշտոնական տվյալներում արտացոլված նվազման միտումները ամրապնդում են փորձագետների ու միջազգային հեղինակավոր ֆինանսական կազմակերպությունների գնահատականները, որ թուլանում է ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա: Վերջին տարիներին Հայաստանը դեպի ռուսական շուկա վերարտահանման հարթակ էր դարձել: Այս ամենը սպասելի էր, «Ազատության» հետ զրույցում ասել էր տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Տնտեսության աճի դանդաղումն ու առանձին ոլորտների անկումը կանխատեսելի էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսական գործոնն էր ազդում», - նշել է տնտեսագետը:

Արդյունաբերության ոլորտի վատթարացող ցուցանիշների կողքին առևտրի ու ծառայությունների շարունակական աճն է: Օրինակ՝ վերջին տարիներին աննախադեպ հաջողություններ գրանցած ֆինանսական ոլորտը ներկայացնողներն այս տարվա առաջին երեք ամիսներին արդեն ավելի քան 700 միլիոն դոլարի ծառայություն են մատուցել: Սա ամբողջ արդյունաբերության գրանցած 1.5 միլիարդ դոլար կազմող ցուցանիշի գրեթե կեսն է:

Այն, որ Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների ընձեռած հնարավորությունն ուժը կորցնում է, լավագույնս փաստում են Հայաստանի արտաքին առևտրի տվյալները:

Առաջին եռամսյակում ընդհանուր առևտրաշրջանառությունը մոտ 4.5 միլիարդ դոլար է կազմել, գրեթե երկու անգամ պակաս, քան 2024-ի նույն ժամանակահատվածում: Ռուսաստանի հետ առևտուրը նվազել է գրեթե 65 տոկոսով՝ կազմելով մոտ 1.6 միլիարդ դոլար:

«Դա Հայաստանի հետ կապ չունեցող արտահանում էր, տնտեսական աճ էր, որը վերացավ ռուսական այդ գործոնի չեզոքացման պայմաններում», - ասել է Պարսյանը:

Ռուսաստանը թեև շարունակում է Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը մնալ, նվազման արդյունքում այդ երկրի մասնաբաժինը հետզհետե փոքրանում է: Անցած տարի առաջին եռամսյակում Հայաստանի ընդհանուր առևտրի 45 տոկոսն էր Ռուսաստանի հետ, այս տարի՝ 35 տոկոսը:

Մոտ 440 միլիոն դոլար ցուցանիշով Ռուսաստանին հաջորդում է Արաբական Միացյալ Էմիրությունները, երրորդ տեղում Իրանն է՝ 171 միլիոն դոլարով:

Հայաստանի տնտեսական կյանքի այս փոփոխություններն ուղեկցվում են գործազրկության աճով, եթե 2024-ին, ըստ Վիճակագրական կոմիտեի, Հայաստանում գործազուրկ էր 166 հազար 700 մարդ, 2024-ին նրանց թիվը 188 հազարի է հասել: Աշխատանքային տարիք ունեցող բնակչության ավելի քան 40 տոկոսը կամ մոտ մեկ միլիոնն առհասարակ դուրս է մնացել աշխատաշուկայից:

IT ու ֆինանսական ոլորտներում ամենաշատն են վարձատրում՝ միջինը ավելի քան մեկ միլիոն դրամ: Ամենացածր աշխատավարձերը կացության, հանրային սննդի, կրթության ու մշակույթի ոլորտներում են: Հարկերը ներառյալ միջին աշխատավարձերը 200 հազարի էլ չեն հասնում:

Այս զարգացումների մյուս ուղեկիցը գնաճն է: Մարտի տվյալներով սննդամթերքը 5.4 տոկոսով ավելի թանկ է վաճառվում, քան մեկ տարի առաջ: Երկու տարի շարունակ Հայաստանում սնունդի այսչափ թանկացում չէր գրանցվել: Հատկապես շատ թանկացած ապրանքներից են ձուկը, ձեթը, յուղերը, մրգերն ու կարտոֆիլը:






Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG