Մատչելիության հղումներ

Պետությունը կվճարի յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու մորթի համար՝ մինչև 10 հազար դրամի չափով


Սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելու հինգ տարվա անհաջող փորձերից հետո կառավարությունն այսօր որոշեց՝ պետությունը կվճարի յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու մորթի համար՝ մինչև 10 հազար դրամի, իսկ հիվանդ կենդանիների դեպքում՝ մինչև 15 հազար դրամի չափով:

Ավստրիական փորձի հիման վրա տեղայնացված այս որոշումը ևս մեկ փորձ է՝ գործարկելու սպանդանոցային համակարգը: Չնայած պաշտոնական տվյալներով հանրապետությունում 127 սպանդանոց կա, դրանց 70 և ավելի տոկոսը փաստացի չի գործում: Ավելին՝ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով տարեկան մորթի է ենթարկվում 220 հազար խոշոր եղջերավոր կենդանի, մինչդեռ դրա ընդամենը 10 տոկոսը՝ 22 հազարն է սպանդանոց հասնում: Նախարար Գևորգ Պապոյանը հույս հայտնեց, թե այսօրվա որոշումը կօգնի, որ սպանդանոցներ հիմնելու համար կառավարության մեծամասշտաբ ներդրումներն արդարացվեն:

Հանրապետությունում եղած սպանդանոցների հիմնադրման համար պետությունը մեծ ներդրումներ է արել: Օձունցի գյուղատնտես Արսեն Տիտանյանը վկայում է, որ կառավարությունից 100 հազար դոլարի անվարձահատույց սարքավորումներ է ստացել սպանդանոց հիմնելու համար, բայց ամսական ընդամենը 1-2 այցելու է ունենում: Օրինակ՝ անցած ամիս ընդամենը 2 խոշոր եղջերավոր կենդանի են մորթել, ասաց Տիտանյանը:

Սա արդեն 5-րդ տարին է, ինչ պետությունը փորձում է ներդնել պարտադիր սպանդանոցային համակարգը: Այսօր էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պարբերաբար քննարկել, որոշել ու հետաձգել են կառավարության որոշումները կենդանիների մորթը բացառապես սպանդանոցներում իրականացնելու մասին: Կառավարության որոշումը երեք անգամ հետաձգվելուց հետո վերջապես ուժի մեջ մտավ 2020-ի հուլիսին: Այդ ժամանակ էր, որ վարչապետը խոստացավ, թե «այս թեմային այլևս չեն անդրադառնալու»: Սակայն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, կառավարությունն անընդհատ ստիպված է վերադառնալ այս հարցին:

Կառավարության որոշմանն ընդդիմանալու հիմնական պատճառները մնում են նույնը՝ սպանդանոցների անմատչելիությունը, տրանսպորտային և սպանդի ծառայության հավելյալ ծախսերը, ինչպես նաև հարկային դաշտ մտնելու անցանկալիությունը:

Սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելու կառավարության ծրագրերին ընդդիմանում են նաև քաղաքներում: Անցած տարեվերջին Երևանի շուկաներից մեկում տեղի ունեցած միջադեպի ժամանակ մսավաճառներից մեկը փորձել էր ինքնահրկիզվել, երբ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն սկսել էին առգրավել ոչ սպանդանոցային միսը:

Արդյոք կառավարության այսօրվա որոշումը կնպաստի՞, որ վերջապես շուկաներ հասնող կենդանիների մորթն իրականացվի բացառապես սպանդանոցներում, որտեղ ստեղծված են հատուկ պայմաններ դրա համար: Օձունի սպանդանոցի սեփականատեր Արսեն Տիտանյանն ասում է՝ սա հավանաբար կավելացնի սպանդանոց դիմողների թիվը, բայց կասկածներ ունի, թե էական շահույթով կգործեն:

Նոր սուբսիդավորման ծրագիրն ուժի մեջ կմտնի հաջորդ ամսվա 1-ից և կգործի մինչև տարեվերջ: Բայց, հաշվի առնելով նախորդ տարիների փորձը և սպանդանոցների գրեթե դատարկ սրահները, դժվար է կանխատեսել՝ արդյոք այս անգամ կառավարությունը կկարողանա սուբսիդիաներով համոզել ֆերմերներին և հաղթահարել գյուղացիների դիմադրությունը:

Ավելի մանրամանս՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հղում


XS
SM
MD
LG