Մատչելիության հղումներ

Փաշինյանը «համբալ» բառի համար դեռ ներողություն չի խնդրել, ընդդիմադիրները քայլերի կդիմեն

Լրացված

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում արձագանքում է ընդդիմադիր պատգամավորի հարցին, 7-ը մայիսի, 2025թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում արձագանքում է ընդդիմադիր պատգամավորի հարցին, 7-ը մայիսի, 2025թ.

«Գնա վեր ընգի տեղդ, համբալի մեկը». - վարչապետն ընդդիմադիրներին «համբալ»-ով դիմելուց հետո դեռ ներողություն չի խնդրել: Նրա մամուլի խոսնակն «Ազատության» զանգերին չի պատասխանում, որպեսզի հարցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այդպիսի մտադրություն ունի՞, թե՞ ոչ:

Մինչ այդ, Ազգային ժողովի նախագահն է հայտարարում՝ ոչ թե Կառավարության ղեկավարը, այլ «Հայաստան» խմբակցության անդամներն իրենք պետք է ներողություն խնդրեն՝ Փաշինյանից: Ըստ Ալեն Սիմոնյանի՝ նրանք են հրահրել միջադեպը. - «Էդ ամեն ինչը ընդդիմադիրների գործունեության, էդ լկտիության, պահվածքի հետևանք է»:

Ընդդիմությունից վարչապետի պահվածքն ու խորհրդարանի նիստերի դահլիճում հնչեցրած հայտարարությունները համարում են սպառնալիք: Պատգամավոր Աննա Գրիգորյանն ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն պետք է կրի նաև վիրավորանքների համար, չբացառեց, որ կդիմեն իրավապահներին: Մինչդեռ գլխավոր դատախազն այսօր խորհրդարանում միջադեպն արդեն որակեց քաղաքական:

Ընդդիմադիր պատգամավորը տարակուսած է՝ ինչպե՞ս է գրեթե ամեն օր կրթելուց և կրթվելուց խոսող երկրի ղեկավարն այդ բառապաշարն օգտագործելուց հետո շարունակելու մարդկանց կրթել:

«Եթե մենք նորմալ երկիր լինեինք, ինքը պետք ա ներողություն խնդրեր, պարտադի՛ր պետք ա ներողություն խնդրեր, որովհետև էդ ամեն ինչը լսել ենք ոչ միայն մենք, այլ նաև հազարավոր մարդիկ Հայաստանում և Հայաստանից դուրս, հետևաբար դա իսկապես նաև քաղաքական խնդիր է, որ ինքը պետք ա ներողություն խնդրի: Բայց մենք հասկանում ենք, թե ինչ երկրում ենք ապրում, երբ Ազգային ժողովի նախագահը կարող է թքել, հետևաբար ինքն էլ կարող է էդպես հանգիստ նման բառապաշար օգտագործել, որ ես ցանկություն չունեմ նույնիսկ կրկնելու», - այսօր ճեպազրույցում ասաց Աննա Գրիգորյանը:

Վարչապետն ու Կառավարության անդամները երեկ խորհրդարանում պատգամավորների հարցերին էին պատասխանում: Իրավիճակը նիստերի դահլիճում լարվեց, երբ ընդդիմադիր մի քանի պատգամավորներ հարցրեցին՝ ինչո՞ւ են անհետևանք մնում իշխանական տարբեր պաշտոնյաներին առնչվող և կոռուպցիոն կասկած պարունակող մամուլի հրապարակումները:

«Դուք էդ քաղաքական կամքը չունեք ձեր սեփական թիմին պատասխանատվության ենթարկելու», - դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Աննա Գրիգորյանը:

«Բա ձե՞ր մասին ինչ են գրում մամուլի հոդվածները, դուք ընդհանրապես ինչի՞ եք ազատ, ձեր մասին գրում են, որ դուք օտարերկրյա շպիոններ եք, ի՞նչ գործ ունեք դուք էս դահլիճում ընդհանրապես նստած: Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ՝ սաղիդ պտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը», - հակադարձեց վարչապետը՝ դահլիճից հնչած ռեպլիկին պատասխանելով. - «Առաջինը դո՛ւ պտի գնաս ու դու կգնաս: Հերիք ա մամուլի բան անես, մամուլի ... Մամուլը ձե՞ր մասին ինչ ա գրում, ի՞նչ ա գրում ձեր մասին մամուլը, գրում ա, որ օտարերկրյա գործակալ եք, 5-րդ անիվ եք, ազդեցության գործակալ եք: Մամուլը»:

«Այսօրվա մամուլում մի սարսափելի պատմություն է հրապարակվել Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի իրականացրած առևանգումների և ահաբեկումների մասին». - ինը տարի առաջ հենց այսպես, թերթը ձեռքին, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պահանջում էր, որ իրավապահները մամուլի հրապարակմանն ընթացք տան և քրեական գործ հարուցեն, այլապես կստացվեր, որ ծառայում են օրվա իշխանությանը:

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկումը մամուլի հրապարակումների վերաբերյալ փոքր-ինչ այլ էր. - «Հայաստանի Հանրապետությունում մամուլը չի դատական իշխանությունը, Հայաստանի Հանրապետությունում կա դատական իշխանություն»:

Աննա Գրիգորյանը հակադարձում է վարչապետին՝ մամուլը դատական իշխանություն չէ, բայց իրավապահները մամուլի հրապարակումներին, այն էլ՝ կոռուպցիոն բնույթի, պե՛տք է ընթացք տան, իսկ դա, ըստ Գրիգորյանի, չի արվում՝ Փաշինյանի քաղաքական կամքի բացակայության պատճառով: Կոռուպցիայի դեմ պայքարը, որ Նիկոլ Փաշինյանի առանցքային խոստումներից էր, ըստ Գրիգորյանի, տապալված է:

«Ամենօրյա ռեժիմով հրապարակումներ կան, թե ինչպիսի կոռուպցիոն գործարքի մեջ են իրենք թաղված՝ ոտից գլուխ: Եվ ամեն անգամ, երբ փոքր-ինչ հիշատակում ես կոռուպցիոն որևէ սխեմա, այո, Նիկոլ Փաշինյանի, էսպես, ճտիկը միանում է, ու սկսում է գոռգռալ: Որովհետև ինքը լավ ա հասկանում, 7 տարի առաջ եկել ասում էր՝ «ժողովուրդ, գալիս եմ իշխանության, որպեսզի այլևս կոռուպցիա չլինի», 7 տարի անց իրենք բոլորը ոտով-գլխով ընկել են կոռուպցիայի մեջ: Դա ա, որ իրանց անհանգստացնում ա», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ազգային ժողովի նախագահն այսօր պնդում էր՝ ընդդիմադիրները կոռուպցիայից պետք է չխոսեն, որովհետև հենց իրենք են կոռումպացված:

«Գալիս ասում են՝ «գիտե՞ք ինչ, այ էս գործով հլը որ որևիցե մեկը հավաքված չի, հլը որ որևիցե մեկը արված չի»: Բա իհարկե, բա պտի պոռթկես, պոռթկում ա առաջացնում: Բա դու գիտե՞ս՝ ինքը, քո գնահատականով, ժողովրդի գնահատականով, ինչ-որ տեղ նաև քրեական գործեր կան: Այո, կան գործեր, որոնք շարունակվում են, ու, այո, ինչ-որ մարդկանց հետևից գալու ա էս նույն դատախազը, գալո՛ւ ա, գալո՛ւ ա, պատժվելո՛ւ են էդ մարդիկ», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Ընդդիմադիր պատգամավորն ընդգծում է՝ լրացավ Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարին, ենթադրյալ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու բոլոր լծակները նրա ձեռքում էին, թող բացահայտեր, ոչ թե 7 տարի անց ամբիոններից սպառնալիքներ հնչեցներ:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG