Արաբո Փիլոյանը վրդովված է. ինչպես անցած, այնպես էլ այս տարի իր 5 հեկտարանոց այգուց մի քանի քայլ այն կողմ տեղադրված հակակարկտային կայանը չի կրակել՝ կարկտաբեր ամպերը չի ցրել: Անցած տարվա բերքից ամբողջությամբ զրկված Փիլոյանների ընտանիքն այս տարի էլ նույն բախտին արժանացավ: Կարկուտը հողին է հավասարեցրել բերքը:
«Էլի սաղ ջարդել է, կարկուտի խոշորությունը... անցած տարի թողել ենք այդ դաշտերը այդպես, որովհետև չէինք կարող ծախել, ոչ ոք չէր առնում այդ բերքը», - «Ազատությանն» ասաց նա:
Փիլոյաններն անցած տարի շուրջ 6 մլն դրամի ներդրում էին արել, որ 70 տոննա ծիրանի ու դեղձի բերք հավաքեին այգուց: Բերքը ջուրն ընկավ, ոչ էլ փոխհատուցում ստացան, թեև գյուղապետարանից այգի էին գնացել հաշվարկել, ու ինչպես Արաբոն է ասում, տվյալները «վերևներ ուղարկել»:
«Ոչ մի բան չի եղել, նույնիսկ ամենավերջին 10 դրամ ջրի փողն ինձնից վերցրել են», - ասաց նա:
Ավելի քան 3 միլիոն դրամ էլ այս տարի է ընտանիքը ծախսել, որ այգուց բերք ստանա, բայց երեկվա առատ կարկուտը գետնին է տապալել ծառերի բերքն ու կտրել ճյուղերը: Փիլոյանների՝ Արմավիրի մարզի Վանանդ գյուղում գտնվող այգուց մի քանի քայլ վերև տեղադրված կայանն ո՞ւմ վերահսկողության տակ է. նախորդ տարվանից այս հարցի պատասխանն է փորձում պարզել Արաբոն, որ հասկանա՝ ինչու այն չի կրակում, որ կարկուտն իր բերքն արդեն տարիներ շարունակ ավերում է:
Վանանդի գյուղապետ Ռոման Մանուկյանն «Ազատությանն» ասաց՝ Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ է գործում դա, սպասարկման համար եթե բենզին կամ այլ նյութեր են հարկավոր՝ իրենք հատկացնում են, բայց բուն գործարկումն իրենք չեն ապահովում:
Ավելի քան 700 հակակարկտային կայաններ կան հանրապետությունում տեղադրված, 17-ը՝ Վանանդ համայնքում: Այդ մեկը, որ և՛ անցած տարի չի աշխատել, և՛ այս տարի, համայնքի ղեկավարի պնդմամբ՝ իրենց ենթակայությամբ չի գործում: Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն էլ ասում է՝ հարյուրավոր կայանների մի մասը իրենց ենթակայությամբ է գործում, մյուս մասը՝ համայնքների: Ազիզյանն այդպես էլ չկարողացավ պարզել՝ նախորդ տարվանից պարբերաբար խափանվող այդ կայանը իրենց ենթակայությամբ է, թե ոչ, ինչու չի աշխատում այդ կայանը, ինչու չի ցրում կարկտաբեր ամպերը:
«Կայանը 20 տարուց ավելի շահագործման է, և դետալ կարող է լինի, որ չի աշխատել, բայց երեկ կապի հետ կապված խնդիր է եղել, որովհետև շատ է լինում ամպրոպների ժամանակ կապի խնդիր ենք ունենում», - ասաց նա:
Հակակարկտային կայանները ժամանակին չեն գործել նաև Արտաշատում, ահազանգում են բնակիչները: Նրանցից Տաթևիկ Ղազարյանն ասաց 4 անգամ տեղացած կարկուտից միայն առաջինից հետո են սկսել կայանները կրակել:
Արարատի մարզի Ամասիա համայնքում իր 7 հեկտարանոց խաղողի այգում նախորդ տարվա վնասի փոխհատուցում չի ստացել նաև Սոխակ Հովհաննիսյանը: «Ազատությանն» ասաց՝ իրենց ասել են՝ եթե այս տարի «ձեր այգին ապահովագրեք, փոխհատուցում կստանաք, չէ՝ չէ»:
Ողջ օրվա ընթացքում Էկոնոմիկայի, Ներքին գործերի ու Տարածքային կառավարման նախարարություններից այդպես էլ չասացին՝ նախորդ տարի ստեղծված հանձնաժողովը, որ քննարկել է մարզերից իրենց ուղարկված դիմումները, ում և ինչքան փոխհատուցում է տվել: Ինչո՞ւ, օրինակ, Արաբո Փիլոյանն ու Սոխակ Հովհաննիսյանը, որ իրենց այգիների շուրջ 70 տոկոսն են կարկուտի պատճառով կորցրել, փոխհատուցում չեն ստացել: Պատասխան չկա:
Այս լռության ֆոնին բնակիչներն են պատմում՝ իրենց ասել են, կառավարությունը չի փոխհատուցի, հորդորել է ապահովագրել այգիները: Կարկուտի վնասն, ի դեպ, ըստ այգետերերի, կառավարությունը չի էլ փոխհատուցում: Այդ դեպքում ինչո՞ւ էին պաշտոնյաները նախորդ տարի հաշվել իրենց վնասի չափը, տարակուսում են միլիոնների վարկեր ունեցող գյուղացիներն ու չեն գտնում պատասխաններ:
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.