Մատչելիության հղումներ

Իմամօղլուի հազարավոր կողմնակիցներ Ստամբուլում կրկին փողոց են դուրս եկել


Թուրքիա - Ի պաշտպանություն Էքրեմ Իմամօղլուի ցույց Ստամբուլում, ապրիլ, 2025թ.
Թուրքիա - Ի պաշտպանություն Էքրեմ Իմամօղլուի ցույց Ստամբուլում, ապրիլ, 2025թ.

«Որքան դուք ճնշեք, մենք այնքան կհզորանանք»՝ այսպես է թուրքական ընդդիմությունը մարտահրավեր նետում նախագահ Էրդողանի վարչակազմին, որը Ստամբուլի հանրաճանաչ քաղաքապետին՝ Էքրեմ Իմամօղլուին ձերբակալելուց հետո այսօր էլ նրա X-ի օգտահաշիվն է արգելափակել։

Թուրքիայի տարածքում էջը հասանելի չէ, դրան հետևող 10 միլիոն օգտատերերն ընդդիմադիր առաջնորդի ուղերձների փոխարեն էկրանին մեկ տող են կարդում՝ օգտահաշիվը փակվել է Թուրքիայի իրավական պահանջի համաձայն։

Չնայած կալանավորմանը՝ Իմամօղլուն գրեթե ամեն օր այս էջով քննադատում էր Էրդողանի վարչակազմին, հորդորում թուրքերին «չլռել և խոսել»։ Դատախազությունը բռնության կոչ էր տեսել այդ գրառումներում, հազարավոր մարդիկ, մինչդեռ, երեկ, դրանց արձագանքելով, կրկին փողոց էին դուրս եկել։

«Երբ և որտեղ հանրահավաք լինի, ես կլինեմ այնտեղ, քանի որ մեր երկիրը հիմա Հանրապետությունը չէ, որ կառավարում է, այն կառավարվում է մեկ մարդու կողմից», - հայտարարում էր ցուցարարներից մեկը:

Իմամօղլուի օգտահաշիվն արգելափակվել է նրա աջակիցների երեկվա բազմահազարանոց ցույցից մի քանի ժամ անց: Սա, ըստ թուրքական լրատվամիջոցների, վերջին շաբաթներին ընդդիմության ամենամարդաշատ հավաքն էր Ստամբուլում, որի ընթացքում ընդդիմադիր ամենամեծ ուժի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը կրկին պնդել էր՝ պայքարն անկասելի է, կգնան մինչև վերջ։

«Որքան էլ ճնշեք, մենք տուն չենք գնալու, մնալու ենք փողոցում, քանի դեռ չենք հասել արդյունքի։ Մենք պայքարում ենք ոչ թե մեկ մարդու, այլ՝ Թուրքիայի ժողովրդավարության ու ազատության համար», - հայտարարել է Օզելը:

Երեկվա ցույցը կազմակերպվել էր Ստանբուլի այն համալսարանի մոտ, որն Իմամօղլուի ձերբակալությունից ժամեր առաջ չեղարկել էր նրան տրված դիպլոմը։ Առանց այդ փաստաթղթի Թուրքիայի ամենամեծ քաղաքի՝ Ստամբուլի առաջնորդ, Էրդողանի ամենալուրջ մրցակիցը համարվող Էքրեմ Իմամօղլուն չի կարող մասնակցել 2028 թվականին նշանակված նախագահական ընտրություններին։

«Էրդողանը հնարավոր ու անհնար ամեն ճանապարհով փորձում է լռեցնել մեզ, դուք՝ համալսարան լինելով, աջակցում եք դրան», - հայտարարում էր Ժողովրդա-հանրապետականի առաջնորդը։ Երեկոյան արդեն, երբ քաղաքային իշխանությունների հրահանգով հրապարակի լույսերը մարեցին, Օզելը հորդորեց աջակիցներին հեռախոսներով այն լուսավորել.

«Ոմանց թվում էր, թե կարող են մեր ոգևորությունը մարել, եթե անջատեն լույսերը։ Ճիշտ հակառակը՝ նայեք այս լուսավոր հրապարակին, նայեք այս հարյուր հազարավոր խիզախ մարդկանց, ովքեր այսօր այստեղ են եկել ոչ միայն մեծ անարդարության դեմ բողոքելու, այլև Թուրքիայի ապագան պաշտպանելու համար»։

Իմամօղլուն ճաղերի ետևում է մարտից՝ ահաբեկչությանն աջակցելու, ինչպես նաև կոռուպցիայի մեղադրանքներով, որոնք նա շինծու է որակում։ Այս գործով ձերբակալվել են նաև Իմամօղլուի 100-ից ավելի աջակիցներ, այդ թվում՝ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանց ազատ արձակումը պահանջող ստորագրահավաքին Թուրքիայի բոլոր անկյուններից արդեն շուրջ 15 միլիոն մարդ է միացել, պնդում են ընդդիմադիրները:

Հասարակական հարցումները վկայում են, որ չնայած ճնշումներին՝ ազատազրկված Իմամօղլուի վարկանիշը գնալով ավելանում է։ Վերջին օրերին հրապարակված երկու հարցումների համաձայն, մասնավորապես, եթե նախագահական ընտրությունները վաղն անցկացվեին, Ստամբուլի քաղաքապետը 7 տոկոսով առաջ կանցներ Էրդողանից, ով Թուրքիայի իշխանության ղեկին է արդեն 22 տարի։ Ընդ որում, Իմամօղլուի վարկանիշը բարձրացել է հատկապես ապրիլին՝ նրա կալանավորումից ու աջակիցների դեմ սկսված ճնշումներից հետո:

«Մենք մի դասընկեր ունենք, նա մինչ օրս բանտում է, քանի որ ցույցի ժամանակ Թուրքիայի դրոշն էր պարզել։ Մեկուկես ամիս է՝ նրան բաց չեն թողնում։ Եվ մենք այսօր այստեղ նաև նրանց համար ենք պայքարում։ Ու չենք դադարեցնի, քանի դեռ նրանք ազատազրկված են», - ասել է ցույցերի մասնակից մի ուսանողուհի:

Սա Էրդողանի`ժամանակակից Թուրքիայի ամենաերկարակյաց առաջնորդի դեմ բողոքի ամենաուժգին ալիքն է անցած ավելի քան տասը տարում և բռնկվել է մի փուլում, երբ տնտեսությունը ճգնաժամի մեջ է, Էրդողանն էլ, ըստ Սահմանադրության, չի կարող 2028-ին երրորդ անգամ նախագահ առաջադրվել։ Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ այդ արգելանքը հաղթահարելու համար 71-ամյա Էրդողանը ստիպված է կա՛մ վաղաժամ ընտրություններ անցկացնել, կա՛մ գնալ սահմանադրական փոփոխությունների։ Թե՛ մեկ, թե՛ մյուս դեպքում, սակայն, նրան պետք է առնվազն 360 պատգամավորի ձայն, մինչդեռ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունն այսօր միայն 321 քվե ունի։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG