Մատչելիության հղումներ

Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամը մանդատից հրաժարվելու դիմում է տվել, հետո՝ փոշմանել

Լրացված

Գյումրիի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Գյումրիի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Այսօր երեկոյան թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովը «Մեր քաղաքը» դաշինքի հաջորդ համարին՝ Նարեկ Միրզոյանին Գյումրիի ավագանու մանդատ հատկացրեց: Միրզոյանը նախկին գումարման ավագանու կազմում ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր:

Իսկ ընդդիմության այս մեկ մանդատի շուրջ առավոտից կրքեր էին բորբոքվել, «Մեր քաղաքը» խմբակցությունից Կարեն Բադալյանի՝ լիազորությունները դադարեցնելու դիմումից հետո ընդդիմությունն իշխանությանը ընդհուպ մանդատագողության մեջ մեղադրեց:

Բադալյանն իր դիմումը ներկայացրել էր քաղաքապետին, որն էլ արձանագրություն է կազմել և ուղարկել ընտրատարածքային հանձնաժողով: Բայց երկու օր անց Բադալյանը նոր դիմում էր ուղարկել, այս անգամ՝ էլեկտրոնային տարբերակով, որ փոշմանել է ու ավագանու մանդատից չի հրաժարվում: Բայց դա էլ վերջին դիմումը չի եղել, «Ազատությանը» հայտնել էր քաղաքապետի օգնական Կարեն Մալխասյանը. - «Դրանից հետո նորից դիմում է ներկայացրել՝ երկու րոպե հետո էլի էլեկտրոնային եղանակով, որ էլի է փոշմանել, ուզում է լինել անկախ ավագանի: Շատ բարի, իր իրավունքն է, իր կամքն է, ինչ ուզում է թող ինքը որոշի»:

Տեղական ինքնակառավարման մասին օրենքով՝ համայնքի ղեկավարը 7 աշխատանքային օրվա ընթացքում կարող էր արձանագրությունը կազմել ու ընտրատարածքային հանձնաժողով ներկայացնել, այնինչ Վարդան Ղուկասյանը դա արել էր դիմումի հաջորդ օրն իսկ: Հիմա Կարեն Բադալյանը Վարչական դատարանում կվիճարկի իր լիազորությունները դադարեցնելու մասին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի արձանագրությունը: Եթե դատարանը բավարարի հայցը, ստացվում է՝ այսօր տրամադրված մանդատը պետք է հե՞տ վերցվի, «Ազատություն»-ը հետաքրքրվեց թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանից:

«Վիճարկվում է Գյումրի համայնքի ղեկավարի էդ արձանագրությունը, որի հիման վրա մենք տվեցինք մանդատ: Հիմի մեր արձանագրության հիմքը դա է, հիմի եթե դա վիճարկվի, չեղարկվի, դուրս կգա, որ մեր արձանագրության հիմքը չկա: Հետևությունները թողնում եմ ձեզ, որովհետև ես իրավաբան չեմ, չեմ կարող ասել ինչ կարող է տեղ ունենա», - ասաց Ղազարյանը:

Կարեն Բադալյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, նրան անգամ իր թիմակիցները չեն կարողանում գտնել: Ու մինչ նա լուռ է, քաղաքական դաշտում այս մեկ մանդատի շուրջ սկանդալ է հասունացել: «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար Մարտուն Գրիգորյանը պնդում է՝ Բադալյանի հետ քննարկել է մանդատից հրաժարվելու հարցը, ընդունել է հիմնավորումը, բայց դրանից հետո այլևս նրա հետ կապ հաստատել չի կարողացել՝ հասկանալու, թե ինչ է կատարվում իր թիմակցի հետ: Գրիգորյանը չբացառեց, որ «Քաղաքացիական պայմանագրի» մատն է խառը:

«ՔՊ-ն չի հանգստացել, չի հանդարտվել, չի մարսել Գյումրիում եղածը, և էս ամեն ինչը, ես կարծում եմ, դրա հետևանքներն են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Մեկ մանդատը, սակայն, ՔՊ-ի համար բավարար չէ՝ Գյումրիում իշխանափոխություն անելու, ևս երկու մանդատի կարիք կա: Գրիգորյանի կարծիքով՝ սա հենց այդ գործընթացի մեկնարկն է. - «Եթե կարելի է սա համարել առաջին քայլը, որ արվել է կամ արվում է, փորձ է արվում անելու, եթե մենք չկարողանանք էս ամեն ինչը պահել, իմ գնահատմամբ՝ սա ավելի շատ ժամանակի վրա խաղալ է, քանի որ դիմել են դատարան»:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հակադարձում է, թե ՔՊ-ն կապ չունի մանդատից հրաժարվելու այս գործընթացի հետ:

«Ես էդ մարդուն չեմ ճանաչում, և որևիցե կապ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չունի, և ասեմ ավելին՝ ցանկություն էլ չունի որևիցե կապ ունենալ: Գյումրեցին իրա ընտրությունը կատարել ա, մենք գյումրեցուն թողնում ենք իր ընտրության հետ, տեր ենք կանգնում մեր ձայներին և շարունակելու ենք աշխատանքները. վերջիվերջո, մենք էնտեղ առաջին տեղն ենք զբաղեցրել», - ասաց խորհրդարանի խոսնակը:

Իսկ «Քաղաքացիական պայմանագիր»-ը մի քանի համայնքներում, որտեղ ընտրություններով իշխանության գալ չի կարողացել, որոշ ժամանակ անց կարողացել է իշխանափոխություն անել՝ իր շարքերը համալրելով ավագանու այլ անդամներով: Հեռու չգնալով՝ Գյումրիին ամենամոտ Ախուրյան համայնքում օրինակ:

XS
SM
MD
LG