Բաքվի դատարանում տուժողների շատ խայտաբղետ բազմություն է հավաքվել, մի տղամարդ, որ ներկայանում է Քարվաճառի Իստիսու առողջարանի բժիշկ ու տուժել է 90-ականներին Քարավաճառի ազատագրման ժամանակ:
Նասիմի Սաֆարով. այս ադրբեջանցին էլ պատմում է, թե հայերը Գագո անունով ղեկավար ունեին ու հարձակվեցին Չափար գյուղի կողմից, ամենաընդարձակը Զաբիլ Սաֆարովի ներկայացրածն էր՝ դատարանում տեսաշար էր ցուցադրվում, նա պատմում էր, որ այդտեղ մի փոքրիկ տղա կա, ինքն է, հայերը տատիկից իրեն բաժանել են, գերի տարել, չարչարել, այդ պատճառով լավ չի տեսնում ու լավ չի լսում: Այս պատմություններին դատարանի դահլիճում հետևում են 15 հայ գերիները՝ Արցախի նախկին պաշտոնյաներ ու խաղաղ բնակիչներ:
«Շինծու դատավարությունները նախօրոք պլանավորված, պատրաստված բեմադրություններ են, այդ թվում նաև տարբեր մարդկանց ներգրավումը՝ լինեն ադրբեջանցիներ, եղել է նաև դեպք, որ Արցախում մնացած հայերից են բերել, որոնք կոնկրետ եկել ու վկայություն են տվել: Այսինքն՝ մարդիկ, ովքեր որևէ առնչություն կամ որևէ ձևով կապ չունեն այդ ամեն ինչի հետ, բերում, կանգնեցնում են դատարանի առաջ հստակ տեքստով, հստակ պատրաստված, որ գան ու ասեն էն, ինչ որ հաճելի է Ադրբեջանի իշխանությունների քիմքին», - ասաց Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը:
Ստեփանյանը ոչ մի կասկած չունի՝ Բաքվի դատարանում տեղի ունեցողը իրավական գործընթացի հետ որևէ կապ չունի. - «Ես ավելի քան վստահ եմ, որ այդ ամեն ինչը սուտ է, կեղծ է, իրականությանը չի համապատասխանում»:
Հայ գերիների դատավարությունն, ըստ Ստեփանյանի, ուղղակի ներկայացում է, ընդ որում, լավ խաղացող դերասաններով:
Եթե այդ պատմությունները ներկայացնողներն իրական են և այն, ինչ պատմում են, ճշմարտություն, ինչո՞ւ է Բաքվի իշխանությունը փակում միջազգային իրավապաշտպան կառույցների մուտքը հայ գերիների դատերին, հարցնում է Արցախի օմբուդսմենը:
Այս դատական նիստից տեղեկություն փոխանցում է միայն «Ազերթաջ» իշխանական լրատվամիջոցը. վերջին դատերը արցախյան առաջին պատերազմի տարիներին են վերաբերվում, երեկվանը՝ Քարվաճառի մարտերին: Կադրեր են ցուցադրում, դրանցում ամենաշատը Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին ենք տեսնում:
Գեղամ Ստեփանյանի կարծիքով՝ Բաքվի նպատակը սեփական իրավունքների համար պայքարը ահաբեկչություն դարձնելն է:
Սա, ըստ օմբուդսմենի, տեսարան է ոչ միայն աշխարհին ցուցադրելու համար, այլև թաքնված ազդակ հենց Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություններին. անկախության ու ազատության համար պայքարը այսպիսի ճակատագրի է արժանանալու:
Բաքվի բանտերում այժմ 23 հայ է պահվում, նրանցից մի քանիսը արդեն իրավապաշտպանների կողմից «կեղծ» որակված դատավճիռներով են բանտախցերում: 20 տարով բանտում փակված Վիգեն Էուլջեքյանը, որ գերեվարվել էր 20 թվականի եռակողմ հայտարարությունից հետո, արդեն 15 օր է՝ հացադուլ է անում, տեղեկացանք Լիբանանում ապրող նրա կնոջից: Հայ գերու պահանջը մեկն է՝ կապ հաստատել կնոջ ու երեխաների հետ:
Լինդա Էուլջեքյանի խոսքով՝ ընդամենը 3 րոպե է կարողացել խոսել ամուսնու հետ, խնդրել դադարեցնել հացադուլը: Ըստ կնոջ՝ Վիգենն ասել է, որ Կարմիր խաչից իրեն չեն այցելում:
Միջազգային կազմակերպության ներկայացուցիչները վերջին անգամ բոլոր հայ գերիներին տեսակցել են մարտին: Բաքուն ամիսներ առաջ է հայտարարել Կարմիր խաչի գրասենյակը փակելու մտադրության մասին: