Ադրբեջանում հերթական լրագրողն է ձերբակալվել. Ուլվիյա Ալին բերման է ենթարկվել Meydan TV-ի գործով, հայտնում են ադրբեջանական աղբյուրները։
Meydan TV-ի համաձայն` լրագրողը ձերբակալվել է իր բնակարանում, որտեղ ուժայինները խուզարկություններ ևս իրականացրել են, հաղորդվում է նաև նրա դեմ գործադրված ոստիկանական բռնությունների մասին։
Ալիի գործընկերները Ֆեյսբուքում լրագրողի անունից արված գրառումն են հրապարակել, որում ասված է․ - «Եթե դուք կարդում եք այս հոդվածը, նշանակում է, որ ինձ զրպարտել և անօրինական կերպով ձերբակալել են լրագրողական իմ գործունեության համար։ Պետք է նշեմ, որ ինչպես իմ մյուս լրագրող գործընկերները, ես որևէ հանցագործություն չեմ կատարել»։
Ուլվիյա Ալին Meydan TV-ի գործով ձերբակալված 11-րդ լրագրողն է, կառավարությանը չենթարկվող լրատվամիջոցի հետ համագործակցող լրագրողները մեղադրվում են մի շարք ծանր հանցանքներում՝ այդ թվում ֆինանսական մաքսանենգության մեջ: