Մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը, հայտնում է Պաշտպանության նախարարությունը՝ նշելով՝ տուժածներ չկան:
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով», - ասված է հաղորդագրությունում։
Բաքուն դեռևս չի արձագանքել Հայաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը:
Վերջին շրջանում Բաքուն Երևանին գրեթե ամենօրյա ռեժիմով մեղադրում էր իր դիրքերը թիրախավորելու համար, այդ նույն ընթացքում Սյունիքի, Գեղարքունիքի սահմանային բնակավայրերից հաղորդում են ադրբեջանական կողմից չդադարող կրակոցների մասին։ Մարտի 31-ից հայկական կողմը հաղորդել է Սյունիքի Խնածախ և Խոզնավար գյուղերի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների մասին՝ Բաքվին կոչ անելով հետաքննել այդ փաստերը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։