Մատչելիության հղումներ

Աշնանացանի սուբսիդավորում. կառավարության որոշումը փոխվել է, բայց որոշ պայմաններ մնացել են


Աշնանացանը չսուբսիդավորելու կառավարության անցած տարվա որոշումն անհետևանք չմնաց: Շիրակի մարզում, օրինակ, 3000 հեկտար հող պակաս մշակվեց: Այս տարի կառավարությունը որոշումը վերանայել է և գարնանացանից հետո նաև աշնանացանը կսուբսիդավորի:

Պետական սուբսիդավորման ծրագրից գյուղացիների հիմնական դժգոհությունը սերմացուի հավաստագրված լինելու պարտադիր պահանջից էր: Սերմը ամբարում թողած պետք է գումար ծախսեն ու հավաստագրված սերմացու գնեն: Այս պայմանը, սակայն, չի փոխվել, հայտնեց Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Ռոման Համայակյանը:

«Նախորդ տարվա ծրագրին համապատասխան այս տարի ևս ցանկը պետք է իրականացվի բացառապես հավաստագրված սերմերով», - ասաց նա:

Հացահատիկային մշակաբույսերի գարնանացանի համար մեկ հեկտարի համար գյուղացիներին տրամադրվել է 70 հազար դրամ: Գումարի չափն էլ նախորդ տարվա համեմատ չի փոխվել: Իսկ գյուղացիները դժգոհում էին, թե ով է այդ հաշվարկն արել:

«70 հազարով որ հաշվում են, մտածո՞ւմ են՝ այդ գումարն ինչ է, և ինչ արժեք ունի: Մեր բոլոր աշխատանքները...350 հազար դրամ փող է պետք, որ մի հեկտարից շնորհքով բերք ստանաս», - ասում են նրանք:

Իսկ ահա աշնանացանի համար գումարը մեկ հեկտարի համար 10 հազար դրամով ավելանում է:

Կառավարությունն իր զեկույցներում ընդունում է, որ պարենային անվտանգության խնդիրը Հայաստանում լուծված չէ: Օրինակ, երկրում սպառվող ցորենի միայն մոտ 30 տոկոսն է մշակվում տեղում, մնացածը ներկրվում է, գերակշիռ մասը՝ Ռուսաստանից: Իսկ ցորենի ու գարու ցանքատարածությունները մեկ աճում, մեկ նվազում են, ըստ գյուղվարչության պետի՝ մի քանի գործոնով պայմանավորված:

«Դրանք կարող են լինել ստացվող բերքի ինքնարժեքի բարձր լինելը, նաև աջակցության ծրագրերը որոշակի առումով նշանակություն ունեն», - նշեց նա:



Անցած տարիներին նաև կրծողները զգալի վնաս հասցրին ցորենի ցանքատարածություններին, գյուղացուց շուտ էին դաշտ մտել ու բերքը տարել:

Օրինակ՝ նույն Գուսանագյուղի ցանքատարածություններում հիմա ինչ վիճակ է, «Ազատություն»-ը հետաքրքրվեց մարզի գլխավոր գյուղատնտեսից:

«Իրականացվել է մոնիթորինգ, և արձանագրվել է, որ դեռևս մնում է միջին վարակվածություն», - պատասխանեց նա:

Շիրակի մարզում 211 հազար հա վարելահողերի միջինը 10-15 տոկոսն անմշակ է մնում: Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված Աշոցքում ու Ամասիայում սկսել են ցանել այնպիսի մշակաբույսեր, որոնք նախկինում չեն մշակել, օրինակ, կարտոֆիլ են սկսել ցանել:

Մանրամասները՝ «Ազատության» ռադիոռեպորտաժում.

Աշնանացանի սուբսիդավորում. կառավարության որոշումը փոխվել է, բայց պայմանները մնացել են
please wait

No media source currently available

0:00 0:04:16 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG