Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) բողոքի քննությունը՝ «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից լռության օրը քարոզչության կանոնները խախտելու հետ կապված:
«Անկախ դիտորդի» տեսակետը ԿԸՀ-ում ներկայցնում է Դանիել Իոաննիսյանը:
ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը Երևանի ավագանու ընտրության օրը հայտարարել էր, թե Դանիել Իոաննիսյանն ու մյուս դիտորդները, լռության օրը ԲՀԿ-ի հանդեպ հակաքարոզչություն են իրականացրել: «Մենք իրավական դաշտում հետամուտ ենք լինելու», - ասել էր Զոհրաբյանը:
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանն էլ ասել էր, որ լռության օրն ասուլիս են հրավիրել ու խոսել ո՛չ միայն ԲՀԿ-ի խախտումների մասին, իսկ դա, ըստ Իոաննիսյանի, ոչ թե հակաքարոզչություն չէ, այլ տեղեկատվության տրամադրում։
Իոաննիսյանն ասել էր՝ եթե իրենք այդ օրը քննադատեին ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը, ապա դա իրապես հակաքարոզ կլիներ։
«Մենք ընդամենը ասացինք, որ մենք արձանագրել ենք, որ մենք ունենք հավաստի ապացույցներ, որպեսզի պնդենք, որ «Բարգավաճ Հայաստան»-ը դրա նախորդ օրը երեկոյան փող է բաժանել ակցիայի որոշակի մասնակիցների: Սա ո՛չ քարոզչություն է, ո՛չ հակաքարոզչություն է: Սա տեղեկատվության տրամադրում է», - ասել էր դիտորդը: